Կարևոր իրադարձություններ

«Ժողովուրդ». Վենետիկի հանձնաժողովի կարծիքը սառը ցնցուղ է ՍԴ-ի համար

06 Մարտ, 2025 08:13
«Ժողովուրդ». Վենետիկի հանձնաժողովի կարծիքը սառը ցնցուղ է ՍԴ-ի համար

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթը, իր նախորդ համարներում անդրադառնալով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի դրույթներին, գրել էր, որ Սահմանադրական դատարանը փակուղում է։ Կասեցրել է այդ օրենքի մասով գործի քննությունը. ո՛չ հակասահմանադրական է ճանաչում, ո՛չ էլ սահմանադրական, իսկ Դատախազությունն այդ ընթացքում մարդկանցից հիմնականում հաշտության հիմքով ունեցվածք է խլում։ Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի վարույթում քննվող, 2020 թվականի ապրիլի 16-ին ընդունված «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի` Սահմանադրությանը համապատասխանությունը ստուգելու վերաբերյալ գործը կասեցվել է, քանի որ ՍԴ-ն որոշել էր դիմել ԵԽ մասնագիտական Վենետիկի հանձնաժողովին՝ պարզելու, թե արդյոք օրենքը համապատասխանում է մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային եւ սահմանադրական չափանիշներին, մասնավորապես՝ սեփականության իրավունքի եւ արդար դատաքննության իրավունքի պաշտպանության համատեքստում, թե ոչ։ Եվ ահա, 2022 թվականի դեկտեմբերի 19-ին ստացել է Վենետիկի հանձնաժողովի մասնագիտական կարծիքը:

Իսկ ինչ է գրված միջազգային գործընկերների կարծիքում.

• «Օրենքի հիմքում ընկած գաղափարն ինքնին խնդրահարույց չէ միջազգային ստանդարտների եւ լավագույն փորձի տեսանկյունից: Այնուամենայնիվ, անհրաժեշտ է պարզել, թե արդյոք օրենքով սահմանված են հանրային շահի եւ բռնագանձման ընթացակարգերում ներգրավված անձանց օրինական շահերի միջեւ արդար հավասարակշռության ապահովման` նյութական եւ ընթացակարգային բավարար երաշխիքներ:

• Միեւնույն ժամանակ, եթե անձի վրա դրված՝ իրեն պատկանող գույքի օրինական ծագման վերաբերյալ հիմնավորումներ ներկայացնելու բեռը չափազանց ծանր է, բռնագանձումը կարող է դիտարկվել նաեւ որպես սեփականության իրավունքին անհամաչափ միջամտություն: Ապացուցման ստանդարտը պետք է հստակ սահմանվի օրենքով»:

Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածը սահմանում է անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքների հետադարձ ուժի արգելման պահանջը. «անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները եւ այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն»: Եվ սրա վերաբերյալ էլ Վենետիկի հանձնաժողովի մասնագետները գրել են. «Ըստ էության, վերոնշյալ համատեքստում ժամանակային սահմանափակումների առկայությունը կարող է անհրաժեշտ համարվել ոչ այնքան գույքի սեփականատիրոջ ակնկալիքները (օրինական կամ ոչ) պաշտպանելու տեսանկյունից, որքան ընդհանրապես տնտեսական կայունությունը պահպանելու համար, ինչն այդ ակնկալիքից գերակա է: Այնուամենայնիվ, օրենքով սահմանված ժամանակահատվածի վերաբերյալ կան որոշ քննադատական դիտարկումներ»։

Ահա այս եւ մի քանի այլ ձեւակերպումներն են խնդիր դարձել ՍԴ-ի համար, որ չի կարողանում որոշում կայացնել՝ մարդկանց ունեցվածքը խլելու Նիկոլ Փաշինյանի քաղաքական քմահաճույքներով ուղեկցվող գործընթացը սահմանադրական ճանաչելու հարցում։ Իսկ այն մարդիկ, ովքեր այս վիճահարույց օրենքով կունեզրկվեն, ապագայում կարող են բողոքարկել ու պետությունից կրկնակի փոխհատուցումներ ստանալ։

Շարունակելի…»:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին