Կարևոր իրադարձություններ

Փոխվարչապետը Ֆրանսիայում հանդիպմանը կարևորել է տեղի ընկերությունների ավելի մեծ ներկայությունը Հայաստանում

06 Մարտ, 2025 15:00
Փոխվարչապետը Ֆրանսիայում հանդիպմանը կարևորել է տեղի ընկերությունների ավելի մեծ ներկայությունը Հայաստանում

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Ֆրանսիայի էկոնոմիկայի, ֆինանսների, արդյունաբերական և թվային ինքնավարության նախարար Էրիկ Լոմբարդին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները, մասնավորապես՝ երկկողմ տնտեսական օրակարգում փոխադարձ առևտրի և ներդրումների նոր ուղղությունների ներառման, ինչպես նաև երկու երկրների մասնավոր հատվածների միջև գործարար կապերի ընդլայնման միջոցով։

Փովարչապետ Տիգրան Խաչատրյանը, ընդգծելով ֆրանսիական ձեռնարկությունների հետ ձևավորված համագործակցության հաջող փորձը, կարևորել է Հայաստանում ֆրանսիական ընկերությունների ավելի մեծ ներկայություն ապահովելու անհրաժեշտությունը, այդ թվում՝ նոր գիտելիքի ներգրավման և գործարար մշակույթի զարգացման տեսանկյունից:

Անդրադարձ է կատարվել համագործակցության հնարավոր նոր ուղղություններին, մասնավորապես՝ քննարկվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման շրջանակներում Բարգուշատի թունելի կառուցման աշխատանքները Ֆրանսիայի կառավարության ֆինանսավորմամբ և ֆրանսիական առաջատար շինարարական ու ինժեներական ընկերությունների ներգրավմամբ իրականացնելու հնարավորությունը:

Էրիկ Լոմբարդը, ընդգծելով Հայաստանի հետ տնտեսական կապերի խորացման առանձնակի կարևորությունը, վստահեցրել է, որ ներկայացված ծրագրերը կշարունակեն մնալ Ֆրանիսայի կառավարության ուշադրության կենտրոնում, և անհարժեշտ ջանքեր կգործադրվեն դրանց իրագործման ուղղությամբ:

Կողմերը համաձայնություն են ձեռք բերել առաջիկա քայլերի և համագործակցության հետագա ձևաչափերի վերաբերյալ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին