Փաստաբան Մերի Կարապետյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մեր մասնակցությամբ և մեր գրասենյակի մեծ ջանքերով կատարված գործով 06.03.2025 թվականին կայացրեց վճիռ Հայաստանի դեմ, ճանաչելով դիմումատուների և՛ սեփականության իրավունքի և՛ արդար դատաքննության իրավունքի (CASE OF CHATINYAN AND OTHERS v. ARMENIA (Application no. 70173/14) խախտումներ։
Հիշեցնեմ, որ գործը վերաբերել է նրան, որ Դիմումատուները երկրաշարժի հետևանքով կորցրել էին իրենց տունը, նրանց տրամադրվել էր ժամանակավոր կացարան Վանաձոր համայնքում։
Հետագայում Վանաձոր համայնքը ծանուցել էր նրանց ազատելու ժամանակավոր կացարանը և կնքել պայմանագիր, այդ տարածքում կառուցվելիք շենքից բնակարան հատկացնելու կամ համարժեք հատուցում տալու։
Հետագայում չէին դիտարկել նրանց բնակարան հատկացնելու հարցը, որից հետո դատական վեճի ընթացքում դատարանում՝ Վանաձոր համայնքը և Դիմումատուները կնքել էին հաշտության համաձայնություն սահմանված ժամկետում տուն հատկացնելու կամ 38.000 ԱՄՆ դոլար հատուցելու։
Հետագայում Վանաձորի ավագանին վիճարկել էր հաշտության համաձայնությունը, որի արդյունքնում ի վնաս Դիմումատուների վճիռ էր կայացվել։
Եվրոպական դատարանը նշել է, որ դատական կամ այլ վարույթներում պետական մարմնի սխալի վտանգը պետք է կրի պետությունը, հատկապես, երբ որևէ այլ մասնավոր շահ չկա և որևէ սխալ չպետք է շտկվի շահագրգիռ անձի հաշվին։
Կառավարությունը ոչ մի անգամ բացատրություն չի տրվել, թե ինչու նորընտիր ավագանին քաղաքապետի դեմ դատական գործողություններ չի ձեռնարկել, որոնք համարել է անօրինական, այլ ձեռնարկել է ընդդեմ դիմումատուների՝ ի վնաս նրանց:
Եվրոպական դատարանը նշել է, որ չկա էական որևէ հանգամանք, որն արդարացնում է օրինական ուժի մեջ մտած հաշտության համաձայնության դատական ակտի բեկանումը, ընդ որում ի վնաս դիմումատուների։
Եվրոպական դատարանը գտել է, որ բեկանելով վերջնական վճիռը, դատարանները խախտել են իրավական որոշակիության սկզբունքը, ըստ այդմ նաև արդար դատաքննության իրավունքը։