Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը «Մեկտեղելով ջանքերը հանուն հավասարության» խորագրով միջոցառման շրջանակում մարտի 5-ին մասնակցել է պանելային քննարկման՝ «Խտրականությունը Հայաստանում. օրենսդրական բարեփոխումների նախադրյալները» թեմայով:
Ինչպես հայտնում են ՄԻՊ աշխատակազմից, հիմնական խոսնակը Սլովակիայի նախկին վարչապետ Իվետա Ռադիչովան էր, խոսնակները՝ Պաշտպան Անահիտ Մանասյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, ԱԺ պատգամավոր Տիգրան Պարսիլյանը, Եվրասիա համագործակցության հիմնադրամի ծրագրերի ղեկավար Իզաբելլա Սարգսյանը:
«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստացվում են իրավահավասարության և հակախտրականության ոլորտին վերաբերելի տարբեր դիմումներ:
Սակայն առավել շատ են մշտադիտարկումների արդյունքում վերհանվող դեպքերը: Հիմնական խնդիրն այս ոլորտում այն է, որ հանրային միջավայրում խտրական երևույթները որպես իրավունքների խախտում չեն էլ ընկալվում, իսկ իրավահավասարության ոլորտին առնչվող հանրային ընկալումները ձևախեղված են։ Բազմաթիվ դիմումներ ենք ստանում, օրինակ` հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հետ կապված, մասնավորապես՝ հարցերը վերաբերում են մատչելիության, զբաղվածության ապահովման խնդիրներին և այլն։ Հաճախ, համայնքահեն ծառայությունների բացակայության հետևանքով, հաշմադամություն ունեցող երեխաների մայրերն առհասարակ զրկված են որևէ աշխատանքի ներգրավվելու հնարավորությունից՝ պայմանավորված երեխաներին խնամելու հանգամանքով»,- ասել է պաշտպանը:Անահիտ Մանասյանն անդրադարձել է նաև գենդերային հավասարության տեսանկյունից կարծրացած մոտեցումներին, որոնք փոխանցվում են կրթական համակարգի միջոցով:
«Հանրային ընկալման շրջանակներում գոյություն ունեն կանանց և տղամարդկանց կանխորոշված դերեր, աշխատանքի տեսակներ, որոնք միայն տղամարդիկ կարող են կատարել, կամ հակառակը՝ միայն կանայք։
Այս մոտեցումները փոխանցվում են, այդ թվում՝ կրթական համակարգի միջոցով»,- նշել է Պաշտպանը:
Անդրադարձ է կատարվել նաև ազգային փոքրամասնությունների համայնքներում կանանց իրավունքների հետ կապված հարցերին:«Մենք ունենք ազգային փոքրամասնությունների համայնքներ, որտեղ տարածված են վաղ, հարկադիր ամուսնությունները:
Այն աղջիկները, որոնք ամուսնանում են վաղ տարիքում՝ ըստ էության, հարկադրաբար, դուրս են մնում պարտադիր կրթությունից, չեն ունենում կրթությունը շարունակելու հնարավորություն, առողջության պահպանման իրավունքի հետ կապված բազմաթիվ խնդիրներ են ի հայտ գալիս: Պետությունը պետք է ակտիվ դերակատարություն ունենա և կարողանա ոչ միայն դեպքերի առկայության պարագայում հասցեավորել, այլ՝ կանխարգելել նշված խնդիրները»,- շեշտել է Անահիտ Մանասյանը:Ամփոփելով՝ Պաշտպանը նշել է, որ կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի:
«Երևույթի դեմ պայքարի լավագույն միջոցը՝ յուրաքանչյուրիս կողմից դրան հակազդելն է:
Այս տեսանկյունից կարևորում եմ նաև, որ պետությունը հնարավորինս արագ քայլերը ձեռնարկի իրավահավասարության մասին օրենքի ընդունման հետ կապված»,- եզրափակել է Անահիտ Մանասյանը:
«ՀԱՎԱՍԱՐ-ԵՄ հանուն կանանց իրավազորման Հայաստանում» ծրագիրն իրականացվում է ՕքսԵջեն հիմնադրամի, «Եվրոպական գործընկերություն հանուն ժողովրդավարության» ՀԿ-ի, «Նիդերլանդների հելսինկյան կոմիտե» ՀԿ-ի, «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի, «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի կողմից, «Վիննեթ Շվեդիա» ՀԿ-ի հետ համագործկացնությամբ:
Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: