Կարևոր իրադարձություններ

Նոր քայլ դեպի գիտահեն տնտեսություն. կառավարությունը հաստատել է ԲՏԱՆ նախագիծը

06 Մարտ, 2025 19:13
Նոր քայլ դեպի գիտահեն տնտեսություն. կառավարությունը հաստատել է ԲՏԱՆ նախագիծը

ՀՀ կառավարությունը հաստատել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի փետրվարի 13-ի N195–Ն որոշման մեջ փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։

Որոշման մեջ առաջարկվող փոփոխությունները և լրացումները ՀՀ կառավարության մարտի 6-ի նիստում ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական այրդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ 

Նախարարն անդրադարձել է 2024թ. դեկտեմբերի 4-ին ընդունված «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների փաթեթով սահմանված կարգավորումներին, մանրամասնելով՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտի 7-ամյա պետական աջակցությունները և հարկային արտոնությունները:

«Եթե նախկինում ՀՀ կառավարությունը հիմնականում թիրախավորում էր ՏՏ ոլորտը՝ ընդգրկելով ծրագրային ապահովումը, համակարգչային ծրագրերի մշակումն ու տվյալների մշակումն, ապա օրենսդրությամբ առաջին անգամ սահմանել ենք բարձր տեխնոլոգիաների հստակ սահմանումները՝ հաշվի առնելով միջազգային փորձն ու ստանդարտները։ Այս ծրագրի հիմքում ոչ միայն ՏՏ ոլորտն է, այլև բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը, ինչը կարևոր նախապայման է գիտահեն տնտեսություն ձևավորելու համար»,- ընդգծել է Մխիթար Հայրապետյանը։  

Այսպիսով՝

 ՀՀ կառավարության  2025 թվականի փետրվարի 13-ի N195-Ն որոշմամբ ձևավորվել է գիտական հետազոտությունների և փոր­ձա­րա­րա­կան մշակումների աշխատանքները (R&D-ն), որպես այդպիսին որակող մասնագիտական հանձնաժողով, հաստատվել է հանձնաժողովի կազմը, գործունեության կարգը և սահմանվել են R&D-ն որպես այդպիսին որակելու չափանիշները և որակման կարգը: Այնուհետև, այսօրվա նիստում հաստատված փոփոխությունների և լրացումների ներառմամբ

Հանձնաժողովը, որի անդամներն իրենց պարտականությունները կկատարեն հասարակական հիմունքներով,  կազմված է 6 անդամից, այդ թվում՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ ֆինանսների նախարարությունների, Պետական եկամուտների կոմիտեի և Գիտությունների ազգային ակադեմիայի ներկայացուցիչներից, իսկՀանձնաժողովի նախագահությունը վերապահվել է ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի (Կոմիտե) նախագահին:

Հանձնաժողովին դիրքորոշումներ տրամադրելու նպատակով կստեղծվեն 5 անդամից բաղկացած ենթահանձնաժողովներ՝ բնական գիտությունների, ճարտարագիտության և տեխնոլոգիայի, բժշկական գիտությունների, գյուղատնտեսական գիտությունների, հասարակական և հումանիտար գիտությունների, որոնցից յուրաքնչյուրում 2-ական անդամներ կնշանակվեն ՀՀ ԲՏԱՆ-ի առաջարկությամբ, իսկ  մեկական անդամ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության առաջարկությամբ։

 R&D-ին, որպես այդպիսին որակելու որոշմամբ սահմանված չափանիշները հիմնված են  FRASCATI MANUAL 2015 ձեռնարկի վրա, որոնց միաժամանակյա բավարարման դեպքում R&D-ն կորակվի որպես այդպիսին:   

Որոշումը չի տարածվում ՀՀ պետ­ական բյուջեից ֆինանսավորվող կիրառական գիտական հետազոտությունների և փոր­ձա­րա­րա­կան մշակումների աշխատանքների վրա, իսկ որոշմամբ սահմանված չափանիշները չեն կիրառվի Ռազմարդյունաբերական ոլորտի R&D նախագծերի վրա՝ դրանք կգնահատի ՌՏԳՏ խորհուրդը։

Հանձնաժողովի եզրակացությունները կհաստատվեն ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով, ՌՏԳՏ խորհրդի տրամադրած եզրակացությունը՝  ՀՀ ԲՏԱ նախարարի հրամանով։

 R&D իրականացնող տնտեսավարողները կկարողանան օգտվել ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված արտոնություններից, այդ թվում՝ շահութահարկի հաշվարկման նվազեցումներից, ամորտիզացիոն սահմանումներից, իսկ R&D իրականացնող մասնագիտական աշխատանք կատարող անձինք՝  եկամտային հարկի 10% դրույքաչափից։

Հայտերը կքննարկվեն Հանձնաժողովի փակ նիստերում, ողջամիտ ժամկետում, բայց ոչ ավել, քան հայտը ներկայացնելու օրվանից հետո 365-րդ օրը:

Որոշմամբ սահմանված է, որ 2025 թվականի ապրիլի 1-ից ապրիլի 30-ը ներառյալ ներկայացված հայ­տերը Հանձնաժողովի կողմից որպես R&D որակվելու դեպքում արտոնությունները կիրառվում են աշխատանքները սկսելու օրն ընդգրկող ամսվա 1-ից ծագած հարաբերությունների նկատ­մամբ: Ընդ որում, եթե աշխատանքները սկսելու օրը ավելի վաղ է, քան 2025 թ․ հունվարի 1-ը, ապա նշյալ կարգավորումները կիրառվում են 2025 թվականի հունվարի 1-ից ծագած հարա­բե­րությունների նկատմամբ, իսկ եթե R&D իրականացման ժամկետը նախատեսված է ավելի ուշ, քան հայտը ներկայացնելու օրը, ապա  նշյալ կարգավորումները կիրառվում են աշխատանքները սկսելու օրն ընդգրկող ամսվա 1-ից ծագած հարաբերությունների նկատ­մամբ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին