Այսօր՝ փետրվարի 12-ին, զինված ավազակային հարձակում է տեղի ունցել Երևանում, որի ժամանակ հնչել են կրակոցներ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Րաֆֆու փողոցի 87 շենքի բակում կրակոցներ են հնչել, որի ժամանակ տեղի է ունեցել ավազակային հարձակում:
Քրեական և համայնքային ոստիկաններն ու պարեկները դեպքի վայրում հայտնաբերել են կրակված պարկուճ, արնանման հետքեր, «բալոնչիկ» և «Chevrolet» մակնիշի ավտոմեքենա, որը, ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների, պատկանում է տուժածին։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ տեղի է ունեցել զինված ավազակային հարձակում, զինված հարձակվել են «Chevrolet»-ի վարորդի վրա, նրան պատճառվել վնասվածք և արձակել են երեք կրակոց ու հափշտակել են նրա մոտ եղած մոտ 50 հազար ԱՄՆ դոլար գումարը։
Դեպքի մասին ոստիկանության Մալաթիայի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Ռոբերտ Վարդանյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։