Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և թանգարան-ինստիտուտի հիմնանորոգման աշխատանքներն ընթանում են բնականոն հունով: Այս մասին հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն Ազգային ժողովում Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ։
«Աշխատանքների հարթ ընթացքն ու ժամանակին ավարտը երաշխավորված են պետության կողմից: Ցեղասպանության թանգարանի հիմնանորոգման աշխատանքների համար պատշաճ միջոցները նախատեսված են, պայմանագիրը կնքված է, և հաղթող կազմակերպությունը, իհարկե, համաձայնեցնելով թանգարանի հետ, ըստ ժամանակացույցի իրականացնում է բնականոն աշխատանքը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ թե՛ հուշահամալիրի տարածքի, թե՛ թանգարանի համար ստեղծվելու են արդիական ու հարմար պայմաններ:
Անդրադառնալով աշխատանքների իրականացման ժամկետներին՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են 2024 թվականին և կավարտվեն 2026 թվականին:
Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և թանգարան-ինստիտուտի հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքների իրականացման համար պետության կողմից շուրջ 743 մլն ՀՀ դրամ է հատկացվել։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության հայտարարած շինարարության բաց մրցույթում հաղթող է ճանաչվել «Բիդեք» ՍՊԸ-ն։ Շինարարական աշխատանքների որակի տեխնիկական հսկողությունն իրականացնելու է «Սեյսմշին» ՍՊԸ-ն, իսկ հեղինակային հսկողությունը՝ «Հայնախագիծ» ԲԲԸ-ն: Հիմնանորոգման ճարտարապետական խմբի ղեկավարը ՀՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանն է, որը Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և թանգարան-ինստիտուտի նախագծի համահեղինակներից է։
Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգման ընթացքում և՛ թանգարանը, և՛ հուշահամալիրը բաց են լինելու այցելուների և պաշտոնական պատվիրակությունների համար: