Կարևոր իրադարձություններ

Արաքսիա Սվաջյանն այցելել է ուսումնական հաստատություններ

11 Փետրվար, 2025 17:00
Արաքսիա Սվաջյանն այցելել է ուսումնական հաստատություններ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել է Երևանի թիվ 109 ավագ դպրոց և Երևանի պետական հումանիտար-տեխնիկական քոլեջ՝ ծանոթանալու ուսուցման պայմաններին, խնդիրներին, լսելու սովորողների մտահոգություններն ու առաջարկները:

Երևանի թիվ 109 ավագ դպրոցում Արաքսիա Սվաջյանը շրջել է դասարաններով, զրուցել  աշակերտների հետ: «Ինձ համար շատ կարևոր է լսել ձեր կարծիքը, առաջարկներն ու հարցերը ուսումնական գործընթացի կազմակերպման, մասնավորապես՝ նոր չափորոշչի ներդրման առանձնահատկությունների, ուսումնական միջավայրի համար անհրաժեշտ պայմանների առկայության և այլ հարցերի վերաբերյալ»,- ասել է Արաքսիա Սվաջյանը սովորողների հետ զրույցում: 

Նա, մասնավորապես, հետաքրքրվել է՝ հիմնական դպրոցն ավարտելուց հետո աշակերտներն ի՞նչ սկզբունքով են ընտրություն կատարել, ի՞նչ մասնագիտական կողմնորոշում ունեն, արդյոք ընտրած հոսքը համապատասխանում է մասնագիտական ընտրությանը և այլն: Այս համատեքստում նախարարի տեղակալը կարևորել է ավագ դպրոցում նպատակային առարկաների ընտրությունը և ուսուցումը՝ բարձրագույն ուսումնական հաստատություններում  կրթությունը շարունակելու տեսանկյունից:

ԿԳՄՍ նախարարի տեղակալն անդրադարձել է նաև մասնագիտական կողմնորոշման խմբակներին՝ հույս հայտնելով, որ դրանք կօգնեն  աշակերտներին ճիշտ պլանավորել իրենց ուսումնառության հետագա ընթացքը:

Արաքսիա Սվաջյանին նաև հետաքրքրել է՝ տարվա ընթացքում երկու անգամ ընդունելության քննություն հանձնելու գործընթացն ինչպես են գնահատում աշակերտները. արդյունավե՞տ է, թե՞ ոչ: Վերջիններս ընդգծել են, որ երկու անգամ քննություն հանձնելու հնարավորությունը դյուրին է դարձնում բուհ  ընդունվելու գործընթացը, քանի որ իրենց գիտելիքը տվյալ փուլում ստուգելով՝ կարողանում են  ավելի հեշտությամբ կողմնորոշվել երկրորդ փուլին մասնակցելու հարցում: 

Աշակերտները ներկայացրել են իրենց տպավորությունները նոր չափորոշչի և կրթական ծրագրի մասին՝ անդրադառնալով նաև նոր դասագրքերին և տարբեր առարկաների  աշխատանքային տետրերին։ 

Նշենք, որ այժմ Երևանի թիվ 109 ավագ դպրոցում սովորում է 218 աշակերտ:

Երևանի պետական հումանիտար-տեխնիկական քոլեջում, որտեղ սովորում է 740 ուսանող, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ծանոթացել է շենքային պայմաններին, առկա խնդիրներին, դրանց լուծմանն ուղղված նախաձեռնություններին:

Նա, մասնավորապես,  հետաքրքրվել է ուսումնական գործընթացի կազմակերպմամբ, քոլեջի գույքային հագեցվածությամբ, ուսումնական պրակտիկաների իրականացման արդյունավետությամբ, ուսանողների հաճախելիությամբ և այլ հարցերով։ 

Քոլեջում ևս նախարարի տեղակալը զրուցել է ուսանողների հետ, հետաքրքրվել նրանց մասնագիտական հետագա գործունեությամբ:  

Այցի շրջանակում Արաքսիա Սվաջյանը քոլեջի մանկավարժների հետ քննարկել է ՄԿՈՒ համակարգում անցյալ տարվանից ներդրված ատեստավորման գործընթացի ընդհանուր արդյունքները: 

Նախարարի տեղակալի խոսքով՝ դասավանդող անձնակազմի մասնագիտական զարգացման խրախուսումը և վարձատրության բարելավումը պետության համար առաջնահերթ են, և ատեստավորման գործընթացն այդ մեխանիզմներից մեկն է։

Նա տեղեկացրել է, որ ՄԿՈՒ ոլորտում դասավանդողների համար 2025 թվականին առաջին անգամ կիրականացվի նաև տարակարգի տրամադրման գործընթացը, որը ևս աշխատավարձի բարձրացման հավելյալ հնարավորություն է ապահովում։

Արաքսիա Սվաջյանը  հույս է հայտնել, որ քոլեջների և ուսումնարանների բոլոր դասախոսները և վարպետները ակտիվորեն կդիմեն տարակարգ ստանալու համար:

 

 

Լրահոս

Դիտել ավելին