«Փաստ» օրաթերթը գրում է.
«Օրերս Գյումրիում Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե «Գյումրիի ավագանու հետ խնդիր առաջացավ, երբ ՀՀ վերջին տարիներին ընդունված օրենսդրական փոփոխությունների և նոր ձևավորված ինստիտուտների գործունեության արդյունքում արձանագրվեց, որ Գյումրու կարևոր սիմվոլներից մեկը՝ «Սև բերդը», ապօրինի սեփականաշնորհվել է և պետք է վերադարձվի համայնքին»:
Այս հայտարարությանն արձագանքել է Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանը՝ նշելով, որ առողջության հետ կապված և իր ընտանիքին բաժին հասած փորձությունների բերումով՝ երկար ժամանակ չի անդրադարձել տվյալ անձի հայտարարություններին, սակայն իր համբերության բաժակը լցվել է:
«Այս ամենի մեջ ամենազավեշտալին այն է, որ նա նույնիսկ տեղյակ չէ, որ շինծու քրեական գործը վերաբերում Է ոչ թե «Սև բերդ» ամրոցին, այլ դրան հարակից հողերին: Կարծում եմ, քեզ զեկուցող տգետներ շատ կան: Բոլոր գյումրեցիները գիտեն, թե ինչ վիճակում է գտնվել «Սև բերդ» ամրոցը մասնավոր անձից իմ գնելուց առաջ, նորից եմ կրկնում՝ ՄԱՍՆԱՎՈՐ ԱՆՁԻՑ, և ինչ է դարձել հիմա:
Մշակութային, մարզական, պետական (որոնց մասնակցել ես ինքդ) մակարդակի ինչ միջոցառումներ են տեղի ունեցել «Սև բերդում»՝ բացարձակապես անվճար, մինչ օրս քաղաքի տուրիստական զարդն է՝ նորից անվճար: Ձեր խղճուկ խմբակը Գյումրիի զբոսաշրջային զարգացման համար չի արել 10 տոկոսն այն ամենի, ինչ արել է «Սև բերդ» ամրոցը՝ մեր քաղաք հարյուր հազարավոր այցելուներ բերելով ու դառնալով թիվ մեկ այցեքարտը»,-հայտարարել է Բալասանյանը և հավելել, որ ինչ վերաբերում է «Սև բերդի» ապօրինի լինելուն, խորհուրդ է տալիս նախքան մեղադրելը, անմեղության կանխավարկած խախտելը, «քո ելույթով պետական ողջ գործիքակազմը իմ ընտանիքի դեմ տրամադրելը»՝ ստանալ ճիշտ տեղեկություններ:
Բալասանյանը նաև նշել է, որ «Սև բերդ» ամրոցն իր ընտանիքը ձեռք է բերել նախկին սեփականատիրոջից, այլ ոչ թե համայնքից. «Այնպես որ, «Սև բերդ» ամրոցը չի կարող դառնալ քո սիրելի #հատիկառհատիկի կոնտենտ և հայտնվել ռենջ ռովեռի կողքին: Մարդկային, բարոյական բոլոր սահմանները անցած անձին, խորհուրդ եմ տալիս հեռու մնալ ինձանից և իմ ընտանիքից»:
Գյումրու նախկին քաղաքապետը նշել է, որ առողջական խնդիրները կարգավորվելուն պես վերադառնալու է Գյումրի, և իր հետ կապված բոլոր շինծու մեղադրանքներին իրավական և քաղաքական պատասխանը տալու է.
«Իսկ որդուս՝ Խաչատուր Բալասանյանի գործով «իրավական գործընթացը»՝ դատաքննությունը, մտել է բաց փուլ, իրավական ֆարսը բոլորի համար ակնհայտ է լինելու, չնայած այս խմբակի գործողություններում իրավական հետք փնտրելը անիմաստ է»:
Ի հավելում՝ Բալասանյանը նշել է. «Այդ անձը խոսեց «վերջին բոյի» մասին, ասեմ, որ վերջին բոյ պետք էր տալ ուրիշ տեղ, այլ ոչ թե Գյումրիում՝ «Սև բերդի» դեմ»:
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: