Կարևոր իրադարձություններ

«Հրապարակ». Նորից Ադրբեջանի պահանջո՞վ

12 Մարտ, 2025 09:51
«Հրապարակ». Նորից Ադրբեջանի պահանջո՞վ

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՔՊ-ում կարծում են, որ ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի ազատումը դրսի պահանջով է եղել։

Ուրբաթ օրը ԱԺ-ում ՔՊ ֆրակցիայի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Եղիշե Կիրակոսյանին ազատել է ինքը, քանի որ դժգոհություններ ունի նրա աշխատանքից։

Այն դեպքում, որ պաշտոնապես հաղորդվել էր, թե Կիրակոսյանն ազատվել է սեփական դիմումի համաձայն, եւ նման պայմանավորվածություն է ձեռք բերվել ամիսներ առաջ:

Թե պատճառը որն է, եւ ինչ պայմանավորվածության համաձայն` չեն մանրամասնել։ Նիկոլ Փաշինյանը եւս չի մանրամասնել փակ նիստում իր դժգոհության պատճառները, սակայն խաղաղության գործընթացի մասին նրա խոսքից ՔՊ-ում եզրակացրել են, որ Կիրակոսյանի ազատման պահանջը գուցե դրել է Ադրբեջանը: Բանն այն է, որ Կիրակոսյանի հրաժարականի մասին տեղեկություններ կային նաեւ ամիսներ առաջ:

Նա է ներկայացնում Բաքվի դեմ Երեւանի հայցերը Մարդու իրավունքների եվրոպական եւ ՄԱԿ-ի արդարադատության դատարաններում: Նա այս պաշտոնը զբաղեցնում է 2018-ից եւ անձամբ դեմ է միջազգային հայցերը հետ կանչելուն: Իսկ դա խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված կետերից է, Փաշինյանն արդեն հայտարարել է, որ փոխադարձության սկզբունքով դեմ չէ այդ լուծմանը:

Մինչդեռ Եղիշե Կիրակոսյանն իր հարցազրույցներում էլ չի թաքցրել վերաբերմունքը, ասել է, որ իրավական վեճերը չեն կարող խանգարել խաղաղության գործընթացին:

Փակ հանդիպման ժամանակ Փաշինյանն ասել է նաեւ, որ խաղաղության գործընթացում դրական տեղաշարժ չկա, Ադրբեջանը շարունակում է պնդել բոլոր պահանջները, եթե չկատարեն` ռազմական ճանապարհով կհասնի բաղձալի միջանցքին։

Հավանաբար, Ադրբեջանը վստահ է եղել, որ Կիրակոսյանը միջազգային ատյաններում կշարունակի իր դեմ աշխատել, եւ նրան հեռացնելու պահանջ է դրել»:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

 

 

 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին