Հայաստանի փաստաբանների պալատի անդամ Լևոն Սահակյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Մի խայտառակ ու հակասահմանադրական օրենսդրական կարգավորում է ուժի մեջ մտել 2024 թվականի դեկտեմբերին։
Խոսքը «Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածով սահմանված ինչ որ չափորոշիչների ու դրանց հետ կապված կարգավորումների մասին է, որոնցով առաջնորդվելով, ՀՀ-ն կարող է աննպատակահարմար համարել արտերկրում պատիժը կրող ՀՀ քաղաքացի դատապարտյալի Հայաստանի քրեակատարողական հիմնարկ փոխանցելը և այդ հիմքով մերժել սեփական քաղաքացուն ընդունել։
Այդպիսի չափորոշիչներ են՝ հանցանքի ծանրությունը, ԱԱԾ-ի կարծիքը, ՀՀ-ի հետ ունեցած սոցիալական կապը, քրեակատարողական հիմնարկի գերծանրաբեռնվածությունը և այլ անհետաքրքիր հանգամանքներ։
Լավ, ամոթ չէ՞։
Ի՞նչ չափորոշիչ, ի՞նչ նպատակահարմարություն, ի՞նչ սոցիալական կապ, ի՞նչ ԱԱԾ...
Խոսքը ՀՀ քաղաքացու մասին է։
Այն նույն քաղաքացու մասին, ով, Սահմանադրության համաձայն, էքստրադիցիայի ենթակա չէ։
Այն նույն քաղաքացու մասին, ով, Սահմանադրության համաձայն, արտերկրում գտնվում է ՀՀ պաշտպանության ներքո։
Այն նույն քաղաքացու մասին, ով ՀՀ մուտք գործելու իրավունք ունի, և այդ իրավունքը, Սահմանադրության համաձայն, անգամ օրենքով չի կարող սահմանափակվել։
Վերջապես, խոսքն այն նույն քաղաքացու մասին է, որ, անկախ իր սոցիալական կապից կամ այլ «չափորոշիչներից», մեր մյուս քաղաքացիների հետ հավասար պարտավոր է մասնակցել ՀՀ-ի պաշտպանությանը ու զորակոչից խուսափելու դեպքում ենթարկվում է քրեական պատասխանատվության։
«Սեփական քաղաքացուն տեր չկանգնելու մասին» ՀՀ օրենքը ընդունվել է այն պայմաններում, երբ «Դատապարտյալների փոխանցման մասին» կոնվենցիան «նպատակահարմարություն» բառ անգամ չի պարունակում։
Այդ օրենքն ընդունվել է այն պայմաններում, երբ շատ երկրներ անգամ պատերազմում են իրենց քաղաքացիներին ՏՈՒՆ վերադարձնելու համար։
Այդ օրենքն ընդունվել է նաև այն պայմաններում, երբ ամբողջ աշխարհը մտքում ծիծաղում է Հայաստանի վրա, թե ինչ կարգի այս երկիրը չի անհանգստանում թշնամի երկրում «դատվող» նվիրյալ քաղաքացիների ճակատագրով...
Նմանատիպ գործ արդեն մենք ունենք, երբ Մեծ Բրիտանիան համաձայն է այնտեղ պատիժը կրող ՀՀ քաղաքացուն փոխանցել ՀՀ, դատապարտյալը ցանկանում է պատիժը կրել ՀՀ-ում, բայց ՀՀ-ն հրաժարվել է ընդունել սեփական քաղաքացուն, պատճառաբանելով, որ սոցիալական կապը ՀՀ-ի հետ քիչ է։
Գործն արդեն Վարչական դատարանում է, և շուտով կհայտնվի նաև Սահմանադրական դատարանում... Խայտառակ կարգավորումը պետք է վերանա»։