Մարտի 12-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների միջև ռազմավարական գործընկերության մասին» համատեղ հռչակագիրը:
Հռչակագրի ամբողջական տեքստը ներկայացված է ստորև:
Հիմնվելով Նիդերլանդների և Հայաստանի Հանրապետության միջև երկարատև պատմական և մշակութային կապերի վրա,
Նկատի ունենալով Նիդերլանդների կառավարության ներկայիս ծրագրում Հայաստանի Հանրապետությանն աջակցելու մտադրությունը,
Հաստատելով իրենց գործընկերության հիմքում ընկած հիմնարար ընդհանուր արժեքները՝ ներառյալ խոսքի ազատության, ժողովրդավարության, մարդու իրավունքների, իրավունքի գերակայության, կանոնների վրա հիմնված միջազգային կարգի և կայուն, կանոնների վրա հիմնված առևտրային համակարգի պահպանման հանձնառությունը,
Վերահաստատելով իրենց շարունակական հանձնառությունը միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչված սկզբունքներին և նորմերին,
Ցանկանալով նպաստել տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը, կայունությանը և խաղաղությանը,
Վերահաստատելով Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ներքո պարտավորությունները և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ձգտումը` շարունակելու ամրապնդել իր քաղաքական, տնտեսական, անվտանգային և սոցիալական կապերը եվրոպական ընտանիքի և ժողովրդավարական պետությունների ավելի լայն համայնքի հետ,
Հանձն առնելով շարունակել երկկողմ հարաբերությունների ամրապնդումը՝
Կողմերը սույնով հայտարարում են Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին:
Ռազմավարական գործընկերության շրջանակ
1. Քաղաքական երկխոսություն
- Հայաստանի Հանրապետությունը և Նիդերլանդները (այսուհետ` «Կողմեր»), որոշում են կայացրել ամրապնդել իրենց քաղաքական երկխոսությունը՝ հիմնված փոխադարձ հարգանքի և ընդհանուր արժեքների վրա՝ ներառյալ ժողովրդավարությունը, իրավունքի գերակայությունը և մարդու իրավունքները:
- Կողմերը նախատեսում են անցկացնել կանոնավոր խորհրդակցություններ քաղաքական և դիվանագիտական մակարդակներում՝ ապահովելով հաղորդակցության բաց ուղիներ՝ համատեղ առաջնահերթություններն ու մտահոգությունները հասցեագրելու նպատակով:
- Կողմերը որոշում են շարունակել համագործակցությունը՝ Հայաստանում ժողովրդավարության, իրավունքի գերակայության և մարդու իրավունքների ամրապնդման ուղղությամբ, այդ թվում՝ «ՄԱՏՐԱ» և «Մարդու իրավունքներ» ծրագրի միջոցով:
2. Տարածաշրջանային և միջազգային համագործակցություն
- Կողմերը համատեղ կաշխատեն միջազգային հարթակներում (ներառյալ Միավորված ազգերի կազմակերպությունը, Եվրոպայի խորհուրդը, Միջազգային քրեական դատարանը, Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը և այլ բազմակողմ կազմակերպություններ և ձևաչափեր, ինչպես նաև միջազգային ֆինանսական հաստատություններ)՝ խթանելու կանոնների վրա հիմնված միջազգային կարգը, խաղաղությունն ու կայունությունը և ամրապնդելու ժողովրդավարական ինստիտուտները, մարդու իրավունքները, հիմնարար ազատություններն, իրավունքի գերակայությունն, արդյունավետ կառավարումը և հակակոռուպցիոն ջանքերը:
- Կշարունակվեն ջանքերը Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ՝ հիմնված ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման և միջազգայնորեն ճանաչված սահմանների անքակտելիության սկզբունքների վրա, ինչպես ամրագրված է ՄԱԿ կանոնադրությամբ և Եվրոպայում անվտանգության և համագործակցության համաժողովի 1975 թվականի Հելսինկյան եզրափակիչ ակտով:
- Շեշտելով Հայաստան-ԵՄ գործընկերության հետագա խորացման կարևորությունը՝ կողմերը կշարունակեն սատարել և առաջ մղել Հայաստանի Հանրապետության և ԵՄ միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) դրույթների արդյունավետ կյանքի կոչումը, այդ թվում՝ տնտեսական համագործակցության ոլորտում:
3. Տնտեսական համագործակցություն և ենթակառուցվածքներ
- Կողմերը որոշել են ամրապնդել տնտեսական համագործակցությունը՝ որպես իրենց ռազմավարական գործընկերության հենասյուն և կձգտեն ընդլայնել առևտուրը, ներդրումները և գործարար կապերը:
- Կողմերը կուսումնասիրեն ջրային ենթակառուցվածքների և ջրային կորուստների կառավարման ոլորտում համագործակցության շրջանակը:
- Կողմերը կխորացնեն գյուղատնտեսական համագործակցությունը տեխնոլոգիական լուծումների և ժամանակակից համակարգերի միջոցով:
- Կողմերը կդիտարկեն հնարավորությունները ստեղծելու բարենպաստ պայմաններ երկու երկրների գործարար շրջանակների համար՝ խթանելով նորարարությունը, ձեռներեցությունը և աշխատատեղերի ստեղծումը, միաժամանակ աջակցելով տնտեսական դիմակայունությանը և վերականգնմանը:
- Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին (ՀԸԳՀ) համապատասխան կողմերը կշարունակեն աշխատել Հայաստանի տնտեսական զարգացման և փոխկապակցվածության ամրապնդման, ինչպես նաև ԵՄ-ի հետ առևտրային հարաբերությունների հետագա ավելացման ուղղությամբ: Երկու կողմերն էլ կուսումնասիրեն նորարարության և տեխնոլոգիական առաջընթացի, ինչպես նաև կանաչ տնտեսության անցման ուղղությամբ համատեղ աշխատելու տարբերակները:
- Կողմերը կընդլայնեն համագործակցությունը տարածաշրջանային և միջազգային առևտրի և տրանսպորտային հաղորդակցությունների խթանման ուղղությամբ, ինչին նպաստելու ներուժ ունի Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը:
4. Անվտանգային համագործակցություն կիբեռդիմակայունության ամրապնդման և հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի համատեքստում
- Մասնակիցները հաստատում են անվտանգության ոլորտում ընդլայնված համագործակցության ներուժը և որոշում ուսումնասիրել այս ուղղությամբ փոխգործակցությունն ամրապնդելու հնարավորությունները:
- Հղում անելով Հայաստան-ԵՄ քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսությանը՝ Հայաստանի Հանրապետությունն ու Նիդերլանդներն ընդգծում են կիբեռդիմակայունության ամրապնդման և հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի կարևորությունը՝ որպես իրենց ռազմավարական գործընկերության էական բաղադրիչներ:
- Կողմերը հաստատում են իրենց հանձնառությունն ազատ, բաց և անվտանգ կիբեռտարածության պահպանմանը:
- Համատեղ ջանքեր կկենտրոնացվեն միջազգային կիբեռ դիվանագիտության վերաբերյալ տեղեկատվության և լավագույն փորձի փոխանակման, կիբեռդիմակայունության ամրապնդման և ազգային կիբեռ էկոհամակարգի շրջանակներում համագործակցության ուղղությամբ:
- Կողմերը հաստատում են անվտանգ և դիմակայուն թվային ենթակառուցվածքի զարգացման կարևորությունը՝ խրախուսելով կիբեռանվտանգության քաղաքականության մշակումը և իրականացումը, ինչպես նաև խթանելով միջազգային համագործակցությունը կիբեռ սպառնալիքների ոլորտում:
- Երկու երկրները կշարունակեն աջակցել բազմակողմ նախաձեռնություններին, ինչպիսին է «Ազատություն առցանց կոալիցիան»: Կողմերը հանձն են առնում ամրապնդել ազատ, բազմակարծիք և անկախ մեդիա դաշտը և հասցեագրել հիբրիդային սպառնալիքներից բխող ավելի լայն մարտահրավերները՝ ներառյալ տեղեկատվական տիրույթում համապատասխան գործողություններն ու միջամտությունը ժողովրդավարական գործընթացներին:
5. Մարդկանց միջև շփումներ և մշակույթ
Երկու երկրների հասարակությունները միմյանց առավել մոտեցնելու նպատակով՝ Կողմերը համատեղ կաշխատեն՝ ամրապնդելու Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների միջև մարդկային շփումները, այդ թվում՝ երիտասարդների մասնակցության միջոցով: Կողմերը կձգտեն խթանել մշակութային համագործակցությունը՝ հիմնվելով երկու երկրների միջև երկարատև պատմական և մշակութային կապերի վրա:
6. Ընդհանուր դրույթներ
Սույն Հռչակագիրը արտացոլում է Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների կառավարությունների քաղաքական մտադրությունը և չի առաջացնում իրավունքներ կամ պարտավորություններ ներքին օրենսդրության կամ միջազգային իրավունքի ներքո և չի սահմանափակում երկու երկրների կառավարությունների կողմից համագործակցության հնարավոր նոր ուղղություններիը, որոնք կարող են նախանշվել և որոշվել երկու կառավարությունների կողմից։