Մարտի 11-ին, Փարիզի «Hôtel du Collectionneur»-ի սրահներում տեղի է ունեցել Ֆրանսիայի Հայկական Կազմակերպությունների Խորհրդի (CCAF) տարեկան ընթրիքը, որին ներկա են եղել Ֆրանսիայի կառավարության անդամներ, քաղաքական կւոսակցությունների ղեկավարներ, խորհրդարանականներ, դիվանագետներ, լրագրողներ, դերասաններ և արվեստի գործիչներ:
Ֆրանսիայի ՆԳ Նախարար Բրունո Ռըտայոն ելույթ է ունեցել կառավարության անունից։
Հիշեցնելով, որ հայկական հարցը վեր է բոլոր ֆրանսիական քաղաքական կուսակցություններից, նախարարը նշել է, որ այս ընթրիքը «բարեկամության և հավատարմության հանդիպում» է։
Նրա հավատարմությունը հայկական հարցին նախ և առաջ «մարմնավոր» է, քանի որ, ըստ նրա, Հայաստանը մեր քույրն է, ինչպես ասել է Անատոլ Ֆրանսը։
Հայաստանին պաշտպանելու հարցում «միջազգային հանրությունը հաճախ չի դրսևորել բավականաչափ խիզախություն։ Ամեն դեպքում, Ֆրանսիան միշտ եղել է Հայաստանի կողքին, յուրովի»։
Այնուհետև նա թվարկել է երկու երկրների միջև գոյություն ունեցող տարբեր համագործակցություններ։
Անդրադառնալով Ադրբեջանում գերեվարված անձանց ազատ արձակման հարցին՝ Ռըտայոն ընդգծել է.
«Իմ մտքերը 23 անձանց՝ ներառյալ Ռուբենի հետ են այս երեկո, ով վտանգի տակ է դնում իր առողջությունն ու կյանքը այն արժեքների համար, որոնց նա հավատում է։ Ես մտածում եմ նրանց մասին և հուսով եմ, որ այսօրվա իմ խոսքերը կհասնեն Ադրբեջանի սահմաններին, որպեսզի գերիները ազատ արձակվեն»։