ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նիստը:
Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը, հանձնաժողովի անդամները:
Նիստի ընթացքում քննարկվել և հաստատվել են 100-ամյակի լոգոտիպը, կենտրոնական միջոցառումները, ինտեգրված ֆիլմ նկարահանելու կազմակերպչական մանրամասները, արտերկրում և մարզերում հյուրախաղերի ծրագրերն ու ժամանակացույցը:
Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ հանդիպման նպատակը հոբելյանական միջոցառումների մասին վերջնական մոտեցումների ձևավորումն է։
Նիստի ընթացքում Backbone branding ընկերության ներկայացուցիչները ներկայացրել են 100-ամյակի լոգոտիպի կոնցեպտները, մեկնաբանել դրանց նշանակությունն ու առանձնահատկությունները, և ըստ այդմ՝ հանձնաժողովի քվեարկությամբ ընտրվել է դրանցից մեկը:
Հանձնաժողովը քննարկել և որոշել է նաև հոբելյանական տարվա բացման գլխավոր և ամփոփիչ միջոցառումները։ Ծրագրում ներառված են նաև նվագախմբի հյուրախաղերն արտերկրում և մարզերում: Նախատեսվում է նաև միջազգային հեղինակավոր արվեստագետների մասնակցություն միջոցառումներին: Քննարկվել է ժամանակակից պահանջներին համահունչ ֆիլմ թողարկելու հնարավորությունը: Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը հանդես է եկել հոբելյանական միջոցառումների շրջանակում կոմպոզիտորական մրցույթ անցկացնելու առաջարկով: Հանձնաժողովի դիտարկմամբ՝ մրցույթը լրացուցիչ ակտիվություն կմտցնի կոմպոզիտորների շրջանում և յուրօրինակ միջավայր կստեղծի: