Կարևոր իրադարձություններ

Փաշինյանը շեշտել է Նիդեռլանդների դերը Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների խորացման գործում

12 Մարտ, 2025 18:13
Փաշինյանը շեշտել է Նիդեռլանդների դերը Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների խորացման գործում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը ողջունել է Կասպար Վելդկամպի այցը Հայաստան և ընդգծել երկու երկրների միջև համագործակցության դինամիկ բնույթը: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել երկկողմ քաղաքական երկխոսության մակարդակը՝ ավելացնելով, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել նաև տնտեսության և այլ ոլորտներում կապերի հետագա ընդլայնման ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանը շեշտել է Նիդեռլանդների դերը Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների խորացման և մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի արդյունավետ իրականացման գործում:

Կասպար Վելդկամպը նշել է, որ երկու երկրների ԱԳՆ-ների միջև ձևավորվել է փոխվստահության վրա հիմնված սերտ համագործակցություն: Նրա խոսքով՝ այսօր Հայաստանի և Նիդեռլանդների միջև ստորագրված ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրը նոր մակարդակի կբարձրացնի երկկողմ հարաբերությունները: Միաժամանակ, նա հավելել է, որ Նիդեռլանդները շարունակելու է նպաստել ՀՀ-ԵՄ փոխգործակցության զարգացմանը, այդ թվում՝ բարեփոխումների օրակարգն առաջ մղելու նպատակով:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին և տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցեր։

Մտքեր են փոխանակվել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:    

 

 

Լրահոս

Դիտել ավելին