Կարևոր իրադարձություններ

ՀՀ դեսպանը Ֆրանսիայում ներկայացրել է խաղաղության պայմանագրի ստորագրման վերաբերյալ ՀՀ-ի մոտեցումները

12 Փետրվար, 2025 20:03
ՀՀ դեսպանը Ֆրանսիայում ներկայացրել է խաղաղության պայմանագրի ստորագրման վերաբերյալ ՀՀ-ի մոտեցումները

Փետրվարի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանի Վերին պալատում կայացել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանի հանդիպումը Սենատում Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ` խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դեվինազի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:

Հանդիպման ընթացքում դեսպան Խաչատրյանը երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի Սենատին՝ հանձինս նախագահ Լարշեի, ինչպես նաև Սենատի անդամներին Հայաստանին և հայ ժողովրդին վերաբերող հարցերը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու, ինչպես նաև հայ ժողովրդին բացառիկ համերաշխություն և շարունակական աջակցություն ցուցաբերելու համար։ 

Հայաստանի դեսպանը բարձր է գնահատել Ֆրանսիայի Սենատի կողմից, ի նպաստ Հայաստանի և հայ ժողովրդի, մի շարք բանաձևերի ընդունումը, համաժողովների ու քննարկումների կազմակերպումը, հայ ժողովրդի համար դժվար ժամանակաշրջանում Սենատի նախագահի ու անդամների՝ Հայաստան կատարած այցերը:

Սենատորների խնդրանքով դեսպան Խաչատրյանն անդրադարձել է Հայաստան-Ֆրանսիա երկկողմ օրակարգին, մասնավորապես՝ բարձրագույն մակարդակով պարբերաբար բնույթ կրող շփումներին, երկու երկրների միջև դինամիկ զարգացող ռազմավարական գործընկերությանը, այդ թվում՝ պաշտպանության, տնտեսության, ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցության ընդլայնմանը։

ՀՀ դեսպանը ներկայացրել է Հարավային Կովկասում երկարատև և արդար խաղաղության և կայունության հաստատման, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ու խաղաղության պայմանագրի ստորագրման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները, ինչպես նաև` Հայաստան-Ադրբեջան սահմազատման գործընթացի զարգացումները, տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը՝ ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության համատեքստում։

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամները, ի դեմս խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դեվինազի, վերահաստատել են Սենատի և բարեկամական խմբի հանձնառությունը՝ շարունակելու նպաստել հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդմանն ու Հայաստան-Ֆրանսիա գործընկերության զարգացմանը:

Դեսպանը պատասխանել է Սենատի անդամների հարցերին։

 

Լրահոս

Դիտել ավելին