«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«2018 թվականի հեղափոխությունից հետո կալանքի տակ հայտնված գնդապետի դեմ հարուցված քրեական գործը 6 տարի անց կարճվել է քննչական կոմիտեում: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեին մոտ կանգնած իրազեկ աղբյուրները:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի անդամ, Ռադիոէլեկտրոնային պայքարի զորքերի բաժնի նախկին պետ Վահան Ավետիսյանի գործը ԱԱԾ-ից տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական բաժին: Ինչպես հայտնի է, Ավետիսյանը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք 42 մլն դոլարի ձեռք բերված ենթադրյալ անպետք զինատեսակի քրեական գործի շրջանակներում մեղադրյալի աթոռին էր հայտնվել ու, 6 ամիս կալանավորվելուց հետո, ազատ արձակվել: Գործը քննվում էր Ազգային անվտանգության ծառայության կողմից, սակայն հետագայում տեղափոխվեց զինվորական քննչական բաժին:
Արդյունքում, 6 տարի քննեց նախաքննական մարմինը ու նոր որոշում կայացրեց կարճել այս քրեական գործը: Ասել է թե՝ իրավապահները չկարողացան ապացուցել, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք 42 մլն դոլարի ձեռք բերված զինատեսակը անպիտան է եղել: Հենց այս հիմքով էլ, ըստ մեզ հասած հավաստի տեղեկությունների, քրգործը կարճվել է:»
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: