Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Երևանի հին ու նոր փողոցները 2024-ին վերածնվում ու թարմություն էին ստանում կանաչ ֆոնդի երիտասարդացման շնորհիվ:
Ավելացվել են նոր այգիներ, պուրակներ և քաղաքային անտառներ: Երևանի ներքաղաքային կանաչ տնկարկներում նախորդ տարի տնկվել է 4539 ծառ, 58276 թուփ, 344939 բազմամյա և միամյա ծաղիկներ և խոտաբույսեր։
Կանաչապատման և շրջակա միջավայրի պահպանության ՀՈԱԿ-ի արտադրած բուսատեսակներից տնկվել է ընդհանուր 53253-ը։ Կանաչ գոտիներ է տեղափոխվել շուրջ 4200 խմ հողախառնուրդ։
Ջերմոցատնկարանային վարչության բաց գրունտի տարածքը՝ տնկարանը, նախորդ տարի 1 հա-ից դարձավ 25 հա, որին զուգահեռ հիմնվել է նոր ժամանակակից կաթիլային ոռոգման համակարգ, որն ապահովում է արդյունավետ ոռոգում բաց գրունտի դպրոց-տնկարաններում։
Կառուցվել է 6028 գծմ մայր ջրագիծ, 99000 գծմ երկարությամբ կաթիլային համակարգ։ Հիմնվել է 3000 խմ արհեստական ջրավազան Մայրաքաղաքում կառուցվել և արդիականացվել է շուրջ 31068 գծմ նոր ջրագիծ և ոռոգման ցանց, իսկ նորոգվել 1553.5 գծմ ոռոգման ցանց։
Երևանը մեկ քայլով էլ մոտեցավ իր տեսքը առավել վայելուչ դարձնելուն, ինչպես նաև բնակիչների կյանքի որակը բարձացնելուն՝ ստեղծելով կանաչ ու առողջ միջավայր: