Կարևոր իրադարձություններ

Մանուկ Բարսեղյանը՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային հիմնադրամի ռեկտոր

20 Փետրվար, 2025 13:52
Մանուկ Բարսեղյանը՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային հիմնադրամի ռեկտոր

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվել են ««Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները:

Հարցը զեկուցել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի համաձայն՝ պետական բուհի ռեկտորն ընտրվում է բաց մրցույթով՝ ուսումնական հաստատության խորհրդում, գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով:

Ռեկտորի ընտրության արդյունքները հաստատում է հիմնադիրը:

Նախարարի զեկուցմամբ՝ 2025 թվականի հունվարի 31-ին տեղի է ունեցել «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ, որին մասնակցել է մեկ հավակնորդ՝ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Մանուկ Գևորգի Բարսեղյանը:

Մրցույթն ընթացել է «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի կանոնադրության և հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված ռեկտորի ընտրության ընթացակարգին համաձայն:

Նիստին մասնակցել է խորհրդի 20 անդամից 18-ը: Ռեկտորի ընտրությունը կայացել է մեկ փուլով, որի արդյունքում հոգաբարձուների խորհրդի անդամների գաղտնի քվեարկությամբ
Մանուկ Բարսեղյանն ընտրվել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր։

«Մանուկ Բարսեղյանը շուրջ 1 տարի հաջողությամբ իրականացնում է ռեկտորի պարտականությունները և այս ընթացքում կարողացել է ապահովել բուհի բնականոն գործունեությունը:

ՃՇՀԱՀ-ը մեր ամենադինամիկ զարգացող բուհերից է, որտեղ վերջին տարիներին ուսանողների թվի մեծ աճ է գրանցվել: Բուհի ներսում գործում են ավագ դպրոց, քոլեջ, որտեղ կան մասնագիտացված ուսուցման հնարավորություններ:

Հաշվի առնելով Կառավարության կողմից իրականացվող կապիտալ ծախսերի քաղաքականությունը՝ կարևորում ենք նաև բուհում այս ուղղությամբ աշխատանքների շարունակականության ապահովումը»,- նշել է նախարարը՝ ներկայացնելով նորընտիր ռեկտորին։

Մանուկ Բարսեղյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար՝ նշելով, որ իր փորձն ու գիտելիքը կծառայեցնի ՀՀ լավագույն բուհերից մեկի առաջխաղացման, կրթության մակարդակի միջազգային չափանիշներին համապատասխանեցման, ծառացած խնդիրների լուծման կարևոր գործին:

Նա նաև տեղեկացրել է, որ վերջերս բուհը դարձել է Եվրոպական ճարտարապետության ասոցիացիայի լիիրավ անդամ՝ միջազգային հեղինակություն ունեցող բազմաթիվ համալսարանների շարքում:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել և արդյունավետ աշխատանք է մաղթել Մանուկ Բարսեղյանին:

 

Լրահոս

Դիտել ավելին