Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը փետրվարի 21-ին ընդունել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի երևանյան մասնաճյուղի ուսանողներին։ Հանդիպմանը մասնակցել է նաև Մոսկվայի պետական համալսարանի սահմանադրական և մունիցիպալ իրավունքի ամբիոնի դոցենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու Ելենա Մարկովան:
Ողջունելով հյուրերին՝ Պաշտպանը ներկայացրել է ՄԻՊ առաքելությունը, աշխատանքի ուղղություններն ու առաջնահերթությունները, իր իրավասությունների շրջանակը, ինչպես նաև համագործակցությունը պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ։
Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ ՄԻՊ հաստատությունն անկախ, ապաքաղաքական կառույց է, որի առաքելությունը մարդու իրավունքները պաշտպանելն է, եթե գործ ունենք պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից դրանց խախտումների հետ, ինչպես նաև իրավունքների խթանումն է, այդ թվում` մարդու իրավունքների կրթության միջոցով։ Պաշտպանն ընդգծել է նաև, որ առկա են հստակ միջազգային չափորոշիչներ ՄԻՊ հաստատությունների գործունեության համար, և դրանց խախտումները կարող են հանգեցնել տարատեսակ հետևանքների:
«Մարդու իրավունքների ազգային հաստատությունների դերը ողջ աշխարհում հենց սա է: Շատ կարևոր է, որ այս մեթոդաբանությունը մենք բոլորս ճիշտ հասկանանք և ընկալենք։ Դա կարևոր է նաև միջազգային հարթակներում արժանահավատ և արդյունավետ աշխատանքի տեսանկյունից»,- ասել է Անահիտ Մանասյանը։
Ուսանողները հնարավորություն են ունեցել Պաշտպանի հետ հարցուպատասխանի միջոցով ստանալու իրենց հուզող հարցերի պատասխանները, մասնավորապես՝ Մարդու իրավունքների պաշտպանին վերապահված գործիքակազմի, անկախության երաշխիքների, աշխատանքային իրավունքի, վերարտադրողական առողջության ու վերարտադրողական իրավունքի իրացման, ՍԴ դիմելու ընթացակարգերի և մի շարք այլ հարցերի վերաբերյալ:
Հանդիպման ավարտին Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել ակտիվ և բովանդակալից քննարկման համար՝ ընդգծելով, որ շատ է կարևորում նման ձևաչափի հանդիպումները` փորձի փոխանակման, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրները վեր հանելու և համատեղ լուծման տարբերակներ գտնելու տեսանկյունից։