Այսօր՝ փետրվարի 21-ին, որոշ հատվածներում ձյան շերտն ու մերկասառույցը դժվարանցանելի է դարձրել երթևեկությունը տրանսպորտային միջոցների համար ու բազմաթիվ ավտոմեքենաներ չեն կարողանում տեղաշարժվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նման պատկեր է նաև Սյունիքի մարզում ու 2 օր է ՊԾ Սյունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի գլխավորությամբ աշխատում են բավականին գերլարված, անգամ 24 ժամ ռեժիմով։
Միայն այսօր Սյունիքի պարեկները, որոնց մեջ կան նաև կին ծառայողներ, մերկասառույց ճանապարհների ու ձնաբքերի միջից հրելով դուրս են բերել 4 տասնյակից ավելի ավտոմեքենաներ։ 20-ից ավելի վարորդների ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն, իրենց ծառայողական ավտոմեքենաներով տեղափոխել են ապահով վայրեր։
Այս պահին Սյունիքում պարեկները շարունակում են նույն տեմպով իրենց աշխատանքը կատարել և դրա արդյունքում է, որ մինչ այս պահը բարեբախտաբար ճանապարհատրանսպորտային ոչ մի պատահար տեղի չի ունեցել, իսկ որոշ դեպքերում էլ պարեկները մեծ դժվարությամբ են մոտեցել ձնաբքի մեջ հայտնված տրանսպորտային միջոցին՝ անցնելով մի քանի 100 մետր ոտքի ճանապարհ։