Կարևոր իրադարձություններ

Գիրք նվիրելու օրը դարձել է հանրային վարքականոն. նախարարը պարգևատրել է ընթերցանության օլիմպիադայի հաղթողներին (լուսանկարներ)

19 Փետրվար, 2025 18:28
Գիրք նվիրելու օրը դարձել է հանրային վարքականոն. նախարարը պարգևատրել է ընթերցանության օլիմպիադայի հաղթողներին (լուսանկարներ)

Գիրք նվիրելու օրվա միջոցառումների շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Հայաստանի ազգային գրադարանում պարգևատրել է Ընթերցանության օլիմպիադայի հաղթող շուրջ 30 աշակերտներին:

Միջոցառմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է աշակերտներին Գիրք նվիրելու օրվա առթիվ՝ շեշտելով, որ ընթերցանության խրախուսման նպատակով այս տարի առաջին անգամ նախարարությունը «Մայրենի» առարկայի շրջանակում անցկացրել է ընթերցանության օլիմպիադա:

«Հատկանշական է, որ տարիներ առաջ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը գիրք նվիրելու օրվա վերածելու նախաձեռնությունը բոլորիս համար դարձավ այնքան բնական և հարազատ: Գիրք նվիրելու օրն արդեն դուրս է եկել կոնկրետ խմբերի, միջոցառումների շրջանակից և դարձել հանրային վարքականոն: Մարդիկ այս օրը միմյանց գիրք են նվիրում, խոսում գրքի մասին,- ասել է նախարարը և հավելել,- ընթերցանությունը խրախուսելու նպատակով այս տարի առաջին անգամ անցկացվել է Մայրենիի օլիմպիադա: Եվ դուք Ընթերցանության օլիմպիադայի առաջին մասնակիցներն ու հաղթողներն եք, ինչի կապակցությամբ բոլորիդ շնորհավորում եմ»:

Նախարարը կարևորել է աշակերտների նախաձեռնողականությունը և ցանկությունը՝ մասնակցելու օլիմպիադային. «Մասնակցելով օլիմպիադային՝ դուք արդեն իսկ փաստել եք, որ կարևորում եք գիրքը և ընթերցանությունը: Սա նաև դպրոցներում ուսուցիչների կողմից իրականացվող աշխատանքի արդյունքն է, որը, վստահ եմ, կարևորել են նաև ընտանիքներում՝ ծնողներն ու հարազատները: Հայաստանի ազգային գրադարան այսօրվա այցը ձեր կապը գրքի հետ դարձնելու է շատ ամուր, որովհետև դուք մեր երկրի այն կարևոր վայրում եք, որտեղ գրքի տունն է: Սա մի փորձառություն է, որն ամբողջ կյանքում տանելու եք սիրով և հպարտությամբ»:

Ընդգծելով կարդալու կարևորությունը սովորելու գործընթացում՝ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ երեխաների կրթական արդյունքների վերլուծության ընթացքում  ընթերցանության  պակասն առանցքային խնդիր է դիտարկվում: Նրա խոսքով՝ անկախ տեքստի բովանդակությունից ու բնագավառից՝ էական  նշանակություն ունեն կարդացածը հասկանալն ու վերլուծելը: Կոչ անելով երեխաներին հաճախ կարդալ ու տարածել սեփական օրինակը՝  ընկերներին վարակելով ընթերցասիրությամբ՝ նախարարը նշել է. «Երբ կարդալը դառնում է սովորություն, հասկանում ես, որ առանց գրքի ամենօրյա ներկայության՝ այլևս չես կարող ապրել»:

Գիրք նվիրելու օրվա շրջանակում նախարար Ժաննա Անդրեասյանը երեխաների համար ընթերցել է Ղազարոս Աղայանի «Խելոք գլուխը» ստեղծագործությունը, որին հաջորդել է կարճ քննարկում՝ ինչի մասին էր այն, ինչ հասկացան երեխաները: Նախարարը նաև հետաքրքրվել է, թե ինչ գրքեր են սիրում կարդալ աշակերտները, որն է նրանց ամենասիրելի գիրքը, ինչ են կարդում այս պահին և այլն: Ի պատասխան հարցերի՝ աշակերտները պատմել են իրենց սիրելի գրքերի մասին, մեկնաբանել դրանց իմաստը՝  ներկայացնելով այն գրքերը, որոնցից առավել տպավորվել են:

Օրվա շրջանակում թարգմանիչ, հեքիաթագետ Ալվարդ Ջիվանյանը երեխաների հետ վարել է քննարկում՝ նրանց տարիքային խմբին համապատասխան գրական ստեղծագործությունների վերաբերյալ։

Միջոցառման ավարտին երեխաներն այցելել են Հայաստանի ազգային գրադարանի Գրատպության թանգարան՝ ծանոթանալու հայ գրատպության պատմությանը։

 

Լրահոս

Դիտել ավելին