Կարևոր իրադարձություններ

«Փաստ». ՍԱՏՄ-ում sms-ի են սպասո՞ւմ

27 Մարտ, 2025 08:20
«Փաստ». ՍԱՏՄ-ում sms-ի են սպասո՞ւմ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մեր ունեցած տեղեկություններով, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնում այս օրերին սպասողական վիճակ է: Ըստ մեր աղբյուրի, ՍԱՏՄ ղեկավար Արմեն Դանիելյանը, որն այդ պաշտոնին է նշանակվել անցած տարվա նոյեմբերի 11-ին, ինչպես նաև նրա հետ «եկած» թիմը, հատկապես ղեկավար կազմը, այսպես կոչված, «ճամպրուկային» տրամադրության մեջ են և սպասում են, որ ամեն պահի կարող են «sms» ստանալ:

Բանն այն է, որ, մեր տեղեկություններով, նշանակումից ի վեր պարբերաբար Նիկոլ Փաշինյանին զեկուցում են, որ Դանիել յանից ու իր բերած կադրերից մեծ դժգոհություն կա ոլորտի հետ առնչություն ունեցողներից, այդ թվում՝ գործարարներից:

Դժգոհությունները հիմնականում առնչվում են գործարարների աշխատանքը խոչընդոտելուն, թունավորման շատացող դեպքերին, Ռուսաստանի կողմից սննդամթերքի արտահանման վրա դրվող սահմանափակումներին, ավելի ստույգ՝ այդ հարցում վերահսկողության բացթողումներին, հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոնի, այսպես կոչված, «օպտիմալացմանը», իսկ իրականում անասնաբուժական լաբորատորիաների փակմանը և մի շարք այլ թեմաների:

Այս ֆոնին հետաքրքիր է, որ, մեր ստացած տեղեկություններով, վերջերս Արմեն Դանիել յանին են այցելել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցները՝ ինչ-որ պարտքերի բռնագանձման հարցով: Նույնիսկ խոսվում էր, որ այցը եղել է հենց ՍԱՏՄ:

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանից երեկ փորձեցինք ճշտել, թե ինչու են տեսչական մարմին այցելել ՀԿԱԾ աշխատակիցները:

Հարությունյանը նախ նշեց, որ ինքը նման տեղեկություն չունի, ապա աշխատանքային օրվա ավարտին ասաց, թե իրենց մոտ որևէ մեկը Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից չի եկել։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։

Լրահոս

Դիտել ավելին