Կարևոր իրադարձություններ

«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը ներողություն չի խնդրել նաև Երևանի փոխքաղաքապետից

27 Մարտ, 2025 08:15
«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը ներողություն չի խնդրել նաև Երևանի փոխքաղաքապետից

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթը դեռ նախորդ տարի գրել էր, որ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, ի թիվս այլոց, Արմեն Փամբուխչյանի դեմ էլ է կոմպրոմատների մի ողջ «թղթապանակ» ներկայացրել կուսակտիվի նիստին, որպեսզի ապացուցի, որ Փամբուխչյանը կոռուպցիոն մի շարք գործարքների մեջ է թաթախված։

Մասնավորապես տեղեկացրել էինք, որ թիմի ներսում բացահայտվել է, որ Արմեն Փամբուխչյանը ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Լեդի Հակոբ) որդուց մեքենա է նվեր ստացել, ինչպես նաեւ ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) որդու հետ մտերիմ հարաբերություններ ունի եւ օգտվում է առատաձեռն նվիրատվություններից: Իսկ Դավիթ Սեդրակյանը Երեւանի ամենախոշոր կառուցապատողներից մեկն է:

Այս թվարկումներից հետո Անդրանիկ Քոչարյանը նաեւ լրատվամիջոցների բացահայտումներն է մեջբերել, ըստ որոնց՝ Երեւանի փոխքաղաքապետ, ՔՊ վարչության անդամ Արմեն Փամբուխչյանի 71-ամյա հայրը 40 հեկտար հող է ձեռք բերել Արմավիրի մարզում՝ դեղձի այգիներ հիմնելու համար։ Փամբուխչյանը այս նպատակով նաեւ 1,5 միլիարդ դրամի վարկ է ստացել եւ 102 մլն դրամ (մոտ 270 հազար ԱՄՆ դոլար) պետությունից՝ որպես սուբսիդիա՝ «պրիզ»։

Չնայած Անդրանիկ Քոչարյանից Փամբուխչյանը պահանջել է ներողություն խնդրել իրեն զրպարտելու, անհարկի մեղադրանքներ ներկայացնելու համար, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը ՔՊ-ական իր աղբյուրներից պարզեց, որ Քոչարյանը հրաժարվել է փոխքաղաքապետ Փամբուխչյանից ներողություն խնդրել: Անդրանիկ Քոչարյանը մինչ օրս չի զղջացել իր ներկայացրած, Փամբուխչյանի որակմամբ՝ «ստերի» համար:

Իսկ ՔՊ խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանից եւ Հրաչյա Հակոբյանից Անդրանիկ Քոչարյանը ներողություն էր խնդրել` նրանց գործարարների «դեղ ցրողներ» և «կոռումպացվածներ» անվանելու համար»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Դիտել ավելին