«Հրապարակ» թերթը գրում է.
«Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Աշոտ Հովհաննիսյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել` Դատավորների էթիկայի և կարգապահական հարցերով հանձնաժողովի կողմից:
Վարույթը հարուցվել է ՀՀ ԱՆ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ տնօրեն Սերգեյ Խաչատրյանի հաղորդման հիման վրա: Թե կոնկրետ ինչ ենթադրյալ խախտում է վերագրվում դատավորին և ինչ գործով է ներկայացվել հաղորդումը` դեռևս հայտնի չէ: Փորձեցինք դա պարզել Խաչատրյանից, նա հրաժարվեց՝ հարցազրույց չեմ տալիս։
Մեր աղբյուրից տեղեկացանք, որ խոսքը Աշոտ Հովհաննիսյանի կողմից հայցերը հետ վերադարձնելուն են վերաբերում։ Դատավորների Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովն արդեն միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ` դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որի քննությունը սկսվել է մարտի 17-ին, բայց դեռ չի ավարտվել` որոշում չկա։
Նշենք, որ դատավոր Աշոտ Հովհաննիսյանը հանրային ուշադրության կենտրոնում է հայտնվել 2023-ին, քանի որ 2021 և 2022 թվականների տարեկան հայտարարագրերում խոշոր չափի կանխիկ գումար էր նշել։ Նա գույքի, եկամուտների, ծախսերի ու շահերի 2022թ․ տարեկան հայտարարագրի համաձայն՝ ունեցել է մոտ 26 մլն դրամ եկամուտ: Սակայն բանկային հաշիվներում եղել է 685 հազ. դրամ: Իսկ կանխիկ դրամական միջոցները կազմել են 106 հազ. ԱՄՆ դոլար, 21 մլն դրամ և 16 հազ. եվրո:
2021թ. Հայտարարագրում արտացոլվել է գրեթե նույն կանխիկ գումարը՝ 100 հազ. 500 ԱՄՆ դոլար, 20 մլն 300 հազ. դրամ և 15 հազ. 100 եվրո: Իսկ բանկային հաշիվներում պահվող գումարը՝ մոտ 187 հազ. դրամ և 4 հազ. դոլար:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։