Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի գլխավորած պատվիրակությանը:
Վարչապետը ողջունելով պարոն Արաղչիի այցը Հայաստան՝ մաղթել է նրան հաջողություններ նոր պաշտոնում և միաժամանակ շնորհակալություն հայտնել նախորդ ժամանակահատվածում Հայաստան-Իրան հարաբերությունների հետևողական զարգացմանը նպաստելու համար: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ երկու երկրների միջև համագործակցությունը հաջողությամբ զարգանում է և դրա կարևոր նախապայմաններից մեկն այն է, որ կողմերը կարողացել են ձևավորել փոխադարձ վստահություն: Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունները հիմնված են բնական շահերի վրա, ինչը կարևոր հիմք և երաշխիք է հարաբերությունների հետագա զարգացման ու ընդլայնման համար:
Սեյեդ Աբբաս Արաղչին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և վարչապետ Փաշինյանին փոխանցել ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի ջերմ ողջույնները:
Իրանի ԱԳ նախարարը նշել է, որ Հայաստանի ու Իրանի հարաբերությունները խարսխված են պատմական տնտեսական և մշակութային հարաբերությունների վրա:
Նրա խոսքով՝ երկու երկրների միջև հարաբերություններն ունեն ռազմավարական նշանակություն և տեղի ունեցող զարգացումներն էլ ավելի են ընդգծում երկկողմ փոխգործակցության կարևորությունը: Սեյեդ Աբբաս Արաղչին շեշտել է Իրանի շարունակական աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ընդգծել տարածաշրջանում գոյություն ունեցող սահմանների անխախտելիության կարևորությունը:
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Իրանի միջև տնտեսության, այդ թվում՝ ենթակառուցվածքների և էներգետիկայի ոլորտներում նոր նախագծերի իրականացմանը: Կարևորվել է երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը:
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ Կառավարությունը հավատարիմ է խաղաղության օրակարգի հետևողական իրագործմանը: Միաժամանակ, Իրանի ԱԳ նախարարը հայտնել է իր երկրի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը՝ հավելելով, որ այն կնպաստի տարածաշրջանում կայունության ապահովմանը:
Վարչապետ Փաշինյանը խնդրել է իր ջերմ ողջույնները փոխանցել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիին և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին: