Կարևոր իրադարձություններ

Ովքեր են Հայաստանի ամենաազդեցիկ կանայք և ինչ խարդավանքներ կան նրանց մեջ. Շաբաթի TOP 5-ը (տեսանյութ)

23 Մարտ, 2025 00:21
Ովքեր են Հայաստանի ամենաազդեցիկ կանայք և ինչ խարդավանքներ կան նրանց մեջ. Շաբաթի TOP 5-ը (տեսանյութ)

Իշխանությունը տարբեր տղամարդկանցից խլելուց հետո այս զորեղ կանանցից շատերը սկսել են ներիշխանական լուրջ խարդավանքներ` երբեմն նաև միմյանց դեմ։ Իրավապահ կանայք բաժանված են երկու ճամբարի, որից մեկը ղեկավարում է Աննա Վարդապետյանը, մյուսը կիսում են իրար մեջ Սրբուհի Գալյանն ու Քրիստինե Գրիգորյանը:

Կանանց միամսյակի կապակցությամբ բացահայտենք, թե ինչպես են դիրքավորվել Հայաստանի թոփ 5 ամենահզոր կանայք։

5. Արփինե Սարգսյան

Նա իր պաշտոնի բարձրությամբ կարող էր լինել առաջին եռյակում, բայց ավելի համեստ դիրքեր է զբաղեցնում երկու պատճառով։

Նախ չի միանում իշխանավոր կանանց երկու ճամբարներից և ոչ մեկին, մինչդեռ իշխանախաղը չեզոքություն չի սիրում։ Երկրորդ՝ իր գերհզոր համակարգում նա չի իշխում միանձնյա, այլ այս ամենայուղոտ պաշտոնը կիսում է իր տեղակալ ոստիկանապետի հետ։ Առանց մեծ ձախողումների այս բարդ պաշտոնը պատվով պահող Արփինե Սարգսյանին կարծես թե ավելին պետք էլ չէ:

4. Սրբուհի Գալյան

Տիգրան Ավինյանի հովանավորությամբ իր այս դիրքին հասած գեղեցկուհի նախարարն արժանացավ ոչ միայն ԱՄՆ մրցանակին, այլև կարճ ժամանակում անկախացավ իր բոլոր նախկին կապանքներից և դարձավ իր շեֆի վստահելի հենարանը։ Նրա ջերմ կապերը այս հնգյակի հաջորդ համարի և մի շարք այլ պաշտոնավոր կանանց հետ նրան դարձրել են իրավապահ համակարգի բևեռներից մեկի համանախագահ, որի դեմ լարումները գնալով աճում են:

Ինքն էլ ընդհուպ մոտեցել է և արդեն կարողանում է լուրջ ձեռնոց նետել քրեական գործերի միահեծան տիրուհուն` իր նախկին ղեկավարին:

3. Քրիստինե Գրիգորյան

Հայկական Մատա Հարին, որի թռիչքային կարիերան անցել է մի շարք հզոր տղամարդկանց ուսերի վրայով, դարձել է նրանց բոլորից ավելի ազդեցիկ` իր զսպվածության, ամրության ու նաև խորամանկության շնորհիվ։ Շատերին կթվա, որ Սրբուհի Գալյանն է իրենց ճամբարի գլուխը, բայց այդ ճամբարի իրական ասիչը հենց հայոց ամենամեծ հետախույզ Գրիգորյանն է։ Նա քիչ է երևում լրատվական լուսարձակների տակ, բայց կարողացել է իր շուրջը համախմբել մի շարք պաշտոնավոր ընկերուհիների և ընդհուպ պաշարել է Աննա Վարդապետյանի անհաս բարձունքը, ում ժամանակին կարողացել էր ճամփել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից:

2. Աննա Վարդապետյան

Հայկական իրավապահ աշխարհի թագուհին, երբ նոր էր նշանակվել Գլխավոր դատախազ, նրա ինստիտուցիոնալ դիրքային առավելությունը չէին ընդունում ոչ Սասուն Խաչատրյանը, ոչ էլ առավել ևս Արգիշտի Քյարամյանը։ Բալետ ու մանկատների սաների խնամք, քրեական գործերի տարափ ու կանացի իշխանակռիվ- ինչով էլ զբաղվում է այս ուժեղ կինը, անում է գերազանցիկի ջանասիրությամբ, նազանքով և դաժան համառությամբ։ Արդյունքում՝ իր շուրջը համախմբելով մի շարք ազդեցիկ գործիչների և հաղթելով բազմաթիվ մրցակից տղամարդկանց՝ նա համարյա առաջինն է ամենազոր կանանց ու տղամարդկանց շարքում։

1. Աննա Հակոբյան

Նա միակն է այս հնգյակում, որ չի եղել արդարադատության նախարարի տեղակալ։ Փաշինյանի օրոք, եթե որևէ կին ցանկանում է ամենաբարձր պետական դիրքի հասնել կամ պետք է ամեն գնով արդարադատության նախարարի տեղակալ դառնա կամ ամուսնանա վարչապետի հետ։ Չնայած Հակոբյանն իր բացառիկ դիրքին հասել է ոչ միայն ու ոչ այնքան Փաշինյանի կինը լինելով, որքան իր առաջին տիկնոջ կարգավիճակում բացառիկ և աննախադեպ ակտիվությամբ։ Նա շատերի կողմից արդեն ընկալվում է որպես Փաշինյանի շատ հավանական ժառանգորդ և վարչապետի ամենաազդեցիկ խորհրդատուն արդեն իսկ այսօր։

Շաբաթի ամենաազդեցիկ կանանց հնգյակից տարբեր պատճառներով դուրս են մնացել մի շարք այլ արժանի թեկնածուներ:

Ժաննա Անդրեասյանը- ճիշտ է, նա ամենաշատն է խոսում կառավարության նիստերին, բայց նրա քաղաքական ակտիվությունը բավարար գունեղ չէ և նույնիսկ ամենամեծ իշխանական քարոզիչ ամուսինը այս հարցում շատ չի կրողանում օգնել նրան:

Անահիտ Ավանեսյան - ինչքան էլ նա գերակտիվ է որպես քպ կարկառուն ակտիվիստ, նրա ուժերի գերլարումը հազիվ բավականացնում է թիկունքից հարվածները չեզոքացնելու և իր աթոռը մի կերպ պահելու համար։

Լիլիթ Մակունց - չնայած նա է ապահովում կապը այս իշխանության համար ամենակարևոր ամերիկյան կենտրոնի հետ, բայց ֆիզիկապես նա շատ հեռու է ավելի ազդեցիկ դառնալու համար։

Մարիա Կարապետյան - քպ խմբակցության ամենախելացի և ամենագաղափարական կինը լինելով հանդերձ` նա իր համեստ պատգամավորական պաշտոնով չի կարող մտնել այս հնգյակ

Թոփ 5 կանանց հավակնորդները շատ են, իսկ տեղերը սահմանափակ։

Օր օրի արականից իգական դարձող իշխանակռիվը շուտով նոր հնարավորություններ կստեղծի իշխանական կուլիսներում հաճելիորեն շատացող տաղանդավոր կանանց համար։

 

Լրահոս

Դիտել ավելին