21-ամյա հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսն արձագանքել է Հայաստանի ազգային հավաքականից հեռացվելու՝ թիմի գլխավոր մարզիչ Ջոն Վան՛տ Սխիպի որոշմանը:
«Բոլոր նրանք, ովքեր ինձ ճանաչում են, գիտեն, որ իմ երկրի՝ Հայաստանի համար խաղալն ինձ համար հնարավոր ամենամեծ պատիվն է:Վստահ լինելով ազգային թիմի մարզչի հետ երեկ ունեցած խոսակցության գաղտնիությանը՝ ես ցանկանում էի խոսել իմ իրավիճակի մասին: Ցանկանում էի նրան տեղյակ պահել, որ ես պատրաստ եմ, ինձ լավ եմ զգում և լիովին մոտիվացված եմ խաղալու ու օգնելու թիմին:
Ի զարմանս ինձ՝ մարզիչն ինձ ասաց, որ առաջիկա խաղում ինձ հետ որևէ հույս չի կապում: Սա, բնական է, ինձ շատ վշտացրեց: Քանի որ խաղաժամանակ ստանալն այս պահին ինձ համար շատ կարևոր է, և ես այն ստանալու որևէ հեռանկար չունեի, համաձայնվեցի վերադառնալ Կայզերլաուտերն՝ պատրաստվելու հաջորդ խաղին:
Եվ մենք սա միասին որոշեցինք: Ցանկանում եմ ընդգծել, որ ինձ համար ավելի լավ բան չկա, քան իմ երկրի՝ Հայաստանի համար խաղալը, և որ դա միշտ այդպես կլինի»,- գրել է Ռանոսը սոցիալական ցանցի իր էջում:
Հիշեցնենք, որ գլխավոր մարզչի փոխանցմամբ՝ Վրաստան-Հայաստան խաղից առաջ Ռանոսը հարցրել էր իրեն՝ արդյոք խաղալու է հիմնական կազմում, եթե ոչ, ապա չի ցանկանում այլևս թիմում հանդես գալ։