Մարտի 25-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:
Ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակում տեղեկություններ են ստացվել, որ Մեղրի-Նռնաձոր ավտոճանապարհի 27 կմ հատվածում «UAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 40 մետր գլորվել ձորը:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, կարճ ժամանակ անց նմանատիպ ահազանգ է ստացվել նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Մեղրիի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:
Մեղրիի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նշված վայրից ծանր ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխել ՌԴ քաղաքացի 22-ամյա Իգոր Կոտովին:
Պարզվել է նաև, որ տեղում մահացել է ՌԴ քաղաքացի 30-ամյա Ռոման Ալշիխինը:
Վթարի մասին ՊԾ Կոտայքի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն:
Կայքի տեղեկություններով՝ մահացածն ու վիրավորը ծառայում էին ՌԴ սահմանապահ զորքերում, իսկ տարածքն էլ նրանց վերահսկողության տակ է գտնվում: