ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդություն է ներկայացնում ԱԺ-ին պատագամվոր Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու համար:
«Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքով նախատեսված ժամանակահատվածում հակիրճ կներկայացնեմ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Հովիկ Հովսեփի Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը: Միջնորդագիրը պաշտոնապես ուղարկված է Ազգային ժողով և հրապարակված է Ազգային ժողովի պաշտոնական կայքում։
Քրեական վարույթի համաձայն, հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Սլավիկ Կարապետյանը իր կնոջ հոր, Աշոտիկ Կամավոսյանի խնդրանքով, 2023 թվականի օգոստոսի 8-ին դիմել է իր մտերիմ Սլավիկ Պողոսյանին, որպեսզի նա իր հերթին դիմի պաշտոնատար անձ հանդիսացող օրենսդիր իշխանության ներկայացուցչին` 200-ից 300,000 դոլար գումարի դիմաց օգտագործելու ՍԱՏՄ պաշտոնատար անձանց նկատմամբ ունեցած ենթադրյալ ազդեցությունը, վերջինների կողմից իրենց ծառայողական լիազորություններն օգտագործելով Աշոտի Կամավոսյանի օգտին ապօրինի գործողություններ կատարելու, այն է, առանց համապատասխան փաստաթղթերի կամ կեղծ փաստաթղթերով գյուղատնտեսական կենդանիներ արտահանելու գործընթացը կազմակերպելու համար»,- ասաց Վարդապետյանը։
Ստացված տվյալների համաձայն, օրենսդիր իշխանության ներկայացուցչի հետ հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո, Աշոտիկ Կամավոսյանը և Սլավիկ Պողոսյանը նույն օրը մեկնել են Գեղարքունիքի մարզ, որտեղ Սլավիկ Պողոսյանը հանդիպում և քննարկում է ունեցել օրենսդիր իշխանության ներկայացուցչի հետ, ով ընդունել է վերոնշյալ առաջարկը։