Որո՞նք են Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի պայմանները։ Ե՞րբ այն կյանքի կկոչվի։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին նման հարց է տվել Բրազիլիայում հրապարակվող հիմնական օրաթերթերից մեկի՝ Correio Braziliense-ի լրագրողը։
««Խաղաղության համաձայնագիրը» շատ լավ է հնչում, սակայն իրականում մինչ այժմ մեզ հաջողվել է միայն ավարտել համաձայնագրի նախագիծը։
Այն ներառում է նախաբան և 17 հոդված, և երկար բանակցություններից հետո մենք կարողացանք համաձայնության գալ տեքստի շուրջ։ Մենք անմիջապես հրապարակայնորեն հայտնել ենք ՀՀ պատրաստակամությունը սկսել խորհրդակցություններ ադրբեջանցի գործընկերների հետ՝ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու վայրն ու օրը որոշելու համար։
Ցավոք, այն, ինչ մենք լսում ենք ադրբեջանական կողմից, այսպես է հնչում. «Մենք համաձայն ենք տեքստի հետ, բայց դա բավարար չէ խաղաղության համաձայնագրի համար։ Անհրաժեշտ է նաև նախապայմանների շարք քննարկել բանակցային սեղանին՝ խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավոր դարձնելու համար»։
Այս նախապայմանները ներառում են փոփոխություններ Հայաստանի Սահմանադրության մեջ և սահմանափակումներ Հայաստանի Հանրապետություն մատակարարվող զինամթերքի ու սպառազինության հարցում։
Հետաքրքիրն այն է, որ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններին զուգահեռ մենք Ադրբեջանին ներկայացրել ենք նաև այլ առաջարկներ, որոնք, մեր համոզմամբ, կլինեն երկուստեք շահավետ»,-ասել է Միրզոյանը։