ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մարտի 25-ին ընդունել է Grid Dynamics ընկերության Ինժեներական և ռազմավարական ավագ փոխնախագահ (ԱՄՆ) Վադիմ Կոզիրկովին, Առաքման կառավարման գծով ավագ տնօրեն Դմիտրի Կորսունին և ընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավար Միհրան Մինասյանին:
Ինչպես հայտնում են նախարարությունից, Մխիթար Հայրապետյանը, ողջունելով հյուրերին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում, ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից ոլորտի զարգացմանն ուղղված պետական ծրագրերն ու միջոցառումները, անդրադարձել է ՀՀ ԲՏԱ նախարարության տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը միտված յոթամյա նոր ծրագրի փաթեթին, որով պետական աջակցության նոր գործիքակազմ և հարկային արտոնությունների շրջանակ է առաջարկվում տեխնոլոգիական ընկերություններին՝ ոլորտի զարգացման առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու համար:
Այդ համատեքստում, նախարար Հայրապետյանը բարձր է գնահատել Grid Dynamics-ի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը, մասնավորապես կարևորել է ընկերության կողմից մարդկային ռեսուրսի մեջ ներդրումների ներգրավումը: Նախարարն անդրադարձել է Հայաստանի մարզերում տնտեսության համաչափ զարգացման նպատակով ներդրումային հոսքերի ապահովման հնարավորություններին, ինչը բխում է պետական առաջնահերթություններից:
Վադիմ Կոզիրկովը ներկայացրել է ընկերության գործունեության արդյունքում Հայաստանում գրանցված հաջողությունները, անդրադարձել երկրի ներուժին, դրա արդյունավետ ու փոխշահավետ օգտագործման հնարավորություններին, ինչպես նաև Երևանից դուրս մասնաճյուղ բացելու հեռանկարներին։
Նա նաև ողջունել է Հայաստանը տեխնոլոգիական կենտրոն դարձնելու ուղղությամբ կառավարության պատրաստակամությունը և դրան հասնելու ուղղությամբ նախարարության նախաձեռնությունները։ Հաշվի առնելով այս գործընթացները՝ ընկերությունը նախատեսում է առաջիկայում 350 աշխատակիցներին ավելացնել ևս 150-ի համարժեք նոր հաստիքով՝ հասցնելով անձնակազմի ընդհանուր թիվը 500-ի։
Կողմերը փոխանակվել են փոխշահավետ համագործակցության առավել ընդլայնման և խորացման ուղղությամբ մի շարք մտքերով և առաջարկներով:
Պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագա անելիքների և քայլերի վերաբերյալ: