Մոսկվան Երևանին հարցում է ուղարկել Հայաստան ռազմական տեխնիկա տեղափոխելու ԱՄՆ մտադրության մասին։
Այս մասին հերթական ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք տեսանք նման հրապարակումներ և անմիջապես հարցում ուղղեցինք մեր հայ գործընկերներին: Մեզ նախապես ասացին, որ Վաշինգտոնից նման պաշտոնական հարցումներ չեն եղել», - ասել է նա:
Զախարովան նաև նշել է, որ եթե տեղեկությունը հաստատվի, ապա իրադարձությունների նման ընթացքը կդառնա Անդրկովկասում ապակայունացնող գործոն։
Մարտի 17-ին RT-ն, հղում անելով անանուն փաստաթղթերի, հայտնել է Գերմանիայում գտնվող ռազմակայաններից Հայաստանի ուսումնամարզական բազաներ ռազմական տեխնիկա տեղափոխելու ԱՄՆ ծրագրերի մասին: ԶԼՄ-ների տեղեկություններով՝ տրանսֆերը նախատեսված է հուլիսի 16-ին։