Կարևոր իրադարձություններ

Առևտրական գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողները 2025 թվականի առաջին և երկրորդ եռամսյակների համար կարող են օգտվել աջակցության ծրագրից

21 Մարտ, 2025 11:58
Առևտրական գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողները 2025 թվականի առաջին և երկրորդ եռամսյակների համար կարող են օգտվել աջակցության ծրագրից

ՊԵԿ-ից հայտնում են, որ առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողները 2025 թվականի առաջին և երկրորդ եռամսյակների համար կարող են օգտվել աջակցության ծրագրից։

«Եկեք հարցուպատասխանի միջոցով պարզենք, թե ովքեր և ինչպես կարող են օգտվել աջակցության ծրագրից։

Ովքե՞ր կարող են օգտվել աջակցության ծրագրից 

Աջակցության ծրագրից կարող եք օգտվել, եթե միաժամանակ բավարարում եք հետևյալ պայմաններին՝

2024 թվականին իրականացրել եք առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն,

2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ և 2025 թվականի առաջին և երկրորդ եռամսյակներում հանդիսացել եք բացառապես շրջանառության հարկ վճարող,

դիմումի ներկայացման օրվան նախորդող օրվա դրությամբ ամբողջությամբ վճարել եք շրջանառության հարկը,

աջակցության տրամադրման եռամսյակի արդյունքներով՝ առևտրական (առք ու վաճառքի) գործունեության մասով վճարման ենթակա շրջանառության հարկի գումարը գերազանցում է տվյալ եռամսյակում այդ գործունեության իրացման շրջանառության 5 տոկոսը կամ շրջանառության հարկի հաշվարկով առկա է հայտարարագրված՝ մինչև 2025 թվականի հունվարի 1-ը կատարված ծախսերի մասով հարկի գումարից չնվազեցված և հաջորդ հաշվետու եռամսյակ փոխանցված գումար,

դիմումի հետ միաժամանակ հարկային մարմին պետք է ներկայացնեք առևտրական (առք ու վաճառքի) գործունեության մասով 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ ապրանքային մնացորդի մասին տեղեկություններ:

Որքան է աջակցության չափը 

Աջակցություն կտրամադրվի համապատասխան եռամսյակի համար առևտրական (առք ու վաճառքի) գործունեության մասով վճարման ենթակա շրջանառության հարկի և նույն եռամսյակում այդ գործունեության իրացման շրջանառության 5 տոկոսի տարբերության չափով, ինչպես նաև՝ 1.5 տոկոսի տարբերության չափով՝ լրացուցիչ աջակցություն, եթե մինչև 2025 թվականի հունվարի 1-ն ապրանքների ձեռքբերման ծախսերի մասով ունենաք հարկի գումարից չնվազեցված և հաջորդ հաշվետու եռամսյակ փոխանցված գումար։

Հիշեք, որ լրացուցիչ աջակցության գումարը չի կարող գերազանցել կատարված ձեռքբերումների հաշվին ձևավորված՝ հարկի գումարից չնվազեցված և փոխանցված գումարի 1.375-ապատիկը։

Ինչպես դիմել աջակցություն ստանալու համար

Աջակցության ծրագրից օգտվելու համար [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին պետք է ուղարկեք դիմում և ապրանքային մնացորդի մասին տեղեկություններ։

Երբ դիմել աջակցություն ստանալու համար

2025 թվականի առաջին եռամսյակի համար աջակցություն ստանալու համար պետք է դիմել մինչև 2025 թվականի մայիսի 10-ը ներառյալ, իսկ 2025 թվականի երկրորդ եռամսյակի համար՝ մինչև 2025 թվականի օգոստոսի 1-ը ներառյալ։

Դիմումը ստանալուց հետո 1 ամսվա ընթացքում հարկային մարմինը կստուգի տնտեսվարողի համապատասխանությունը շահառու համարվելու պայմաններին և հաստատվելուց հետո աջակցության գումարը կփոխանցվի շահառուի բանկային հաշվին, իսկ դիմումի մերժման դեպքում՝ 1 ամսվա ընթացքում այդ մասին հետադարձ ծանուցմամբ կտեղեկացվի էլեկտրոնային փոստի հասցեին:

Կարևոր է իմանալ․ եթե աջակցության գումարը ստանալուց հետո հարկ վճարողը ներկայացնում է շրջանառության հարկի ճշտված հաշվարկ, որի հետևանքով արձանագրվում է ավել վճարված աջակցության գումար, ապա այն ճշգրտման օրվան հաջորդող 15 աշխատանքային օրվա ընթացքում պետք է վերադարձնել պետական բյուջե՝ գանձապետարանի՝ այդ նպատակով բացված համապատասխան հաշվին:

Աջակցության չափի հաշվարկման օրինակներին և դիմումի ներկայացման օրինակելի ձևերին կարող եք ծանոթանալ այստեղ»,- գրված է հաղորդագրության մեջ: 

 

Լրահոս

Դիտել ավելին