Կարևոր իրադարձություններ

Հուշագիր՝ Երևանի պետական համալսարանի, Դատախազության և ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի միջև

21 Մարտ, 2025 17:43
Հուշագիր՝ Երևանի պետական համալսարանի, Դատախազության և ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի միջև

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Երևանի պետական համալասարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և Երևանի պետական համալասարանի իրավագիտության ֆակուլտետի դեկան Հարություն Խաչիկյանն այսօր ստորագրել են համագործակցության եռակողմ հուշագիր:

Հուշագիրն ուղղված է իրավաբան լավագույն կադրեր պատրաստելու նպատակով արդյունավետ, կառուցողական և շարունակական համագործակցության ամրապնդմանը, մասնագիտական փորձառության փոխանակմանը, տեսություն-պրակտիկա կապի ապահովմանը և զարգացմանը:

Երևանի պետական համալասարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, կարևորելով Գլխավոր դատախազության հետ համագործակցության շարունակականությունը, ընդգծել է, որ Հուշագրի կնքումը նոր հեռանկարներ կբացի՝ խորացնելով և ամրապնդելով երկու կառույցների միջև գործակցությունը։

«Եռակողմ այս հուշագիրը հնարավորություն կընձեռի մեր ուսանողներին ծանոթանալու Գլխավոր դատախազության գործունեությանը, գործառույթներին և ձեռք բերելու գործնական հմտություններ։ Մեզ համար կարևոր է, որ մեր ուսանողները ոչ միայն տեսական գիտելիքներ ստանան, այլև հնարավորություն ունենան դրանք գործնականում կիրառելու։ Համագործակցության շրջանակում ֆակուլտետի լավագույն շրջանավարտները հնարավորություն կունենան համալրելու Գլխավոր դատախազության կազմը՝ նպաստելով կարևոր կառույցի շարունակական զարգացմանն ու արդյունավետ աշխատանքին»,– նշել է ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը կարևորել է Հուշագրի ստորագրումը՝ որպես Մայր բուհի հետ առկա համագործակցությունը զարգացնելուն ուղղված կարևոր քայլ: Այդ համատեքստում Աննա Վարդապետյանն ընդգծել է 2024 թվականին «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի, ՀՀ գլխավոր դատախազության և «Հայ իրավաբանական միություն» կազմակերպության միջև ստորագրված մտադրությունների վերաբերյալ եռակողմ հայտարարության կարևորությունը՝ 

նշելով, որ Գլխավոր դատախազության վարչական շենքում ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանում՝ իրավաբանական լաբորատորիա հիմնելուն ուղղված աշխատանքներն ակտիվ փուլում են: «Մենք արդեն իրականացնում ենք ենթակառուցվածքի վերանորոգման աշխատանքները: Տրամադրված ենք ունենալու ներկայանալի, տեխնիկապես հագեցած լաբորատորիա, որտեղ Դատախազությունում պրակտիկա անցնող ուսանողները, դատախազների թեկնածուներն ու գործող դատախազները կզարգացնեն ու կարդիականացնեն կիբերհանցավորության և միջազգային դատական ատյաններում մարդու իրավունքների պաշտպանության ուղղություններով իրենց մասնագիտական գիտելիքներն ու պրակտիկ հմտությունները»,- նշել է հանրապետության գլխավոր դատախազը և շնորհակալություն հայտնել Մայր բուհին և ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետին նախաձեռնության համար:

Երևանի պետական համալասարանի իրավագիտության ֆակուլտետի դեկան Հարություն Խաչիկյանը, արժևորելով համատեղ գործակցությունը և դրա շրջանակում իրականացվելիք ծրագրերը, նշել է. «ԵՊՀ-ի, Իրավագիտության ֆակուլտետի և Գլխավոր դատախազության միջև համագործակցությունը մշտապես եղել է բարձր մակարդակի վրա։ Իհարկե, այն ունեցել է տարաբնույթ դրսևորումներ, սակայն այժմ մենք մեկնարկում ենք համատեղ գործունեության նոր կարևոր փուլ, որն առավել արդյունավետ կդարձնի համատեղ աշխատանքն ու կնպաստի ակնկալվող արդյունքների ստացմանը»։

Հուշագրի շրջանակում Կողմերը համագործակցելու են հետևյալ ուղղություններով՝

  • ուսանողների տեսական գիտելիքները գործնականում կիրառելու կարողությունների զարգացմանը նպաստող մասնագիտական պրակտիկայի կազմակերպում.
  • հրավիրյալ դասախոսների, տեսաբանների և պրակտիկ իրավաբանների համատեղ դասախոսությունների անցկացում.
  • ՀՀ գլխավոր դատախազության առաջարկությամբ՝ իրավական խնդիրների վերաբերյալ, կամավոր հիմունքներով, գիտականորեն հիմնավորված խորհրդատվական բնույթի կարծիքների տրամադրում.
  • համատեղ գիտաժողովների, քննարկումների (կլոր սեղաններ), դատախաղ-մրցույթների և մասնագիտական փորձառության փոխանակմանն ուղղված այլ միջոցառումների կազմակերպում և անցկացում.
  • համատեղ գիտահետազոտական աշխատանքների և ծրագրերի իրականացում, մենագրությունների, գիտական հոդվածների, գործնական ուղեցույցների տպագրում (ՀՀ դատախազության «Օրինականություն» գիտագործնական պարբերականում, ԵՊՀ «Պետություն և իրավունք» ամսագրում, «Բանբեր Երևանի համալսարանի․ Իրավագիտություն» հանդեսում և այլն):
 

Լրահոս

Դիտել ավելին