Քրեական սկանդալներից մինչև խաղաղության բանակցություններ:
Շաբաթվա ամենաքննարկվածների Top 5-ը։
Ադրբեջանի հետ խաղաղության խաղիկները, թուրք լրագրողների այցը, Ռուբեն Վարդանյանի հաղորդագրությունները և նոր քրեական գործերի տեղատարափը ձևավորեցին Շաբաթի ամենաքննարկված գործիչների թոփ 5-ը։
Եվ այսպես։
Հովիկ Աղազարյան
Փաշինյանական էսէմէս-ների դեմ ելած այս անխոնջ մարտիկը պարզվեց տարբեր փողային խաղիկների մեջ է եղել։ Ոչխարային պատմությունները քիչ էին, հիմա էլ իմացանք, որ նա առնվազն մի 8.000 դոլար է վերցրել իր տան ռեմոնտի ու ընկերուհու նվերի համար, այն էլ վարչապետի հետ ժամանակին բանտախցում նստած ոմն Արամից։ Ունենալով մութ պատմությունների մի մեծ օժիտ` նա երևի չափից շատ լսեց իր խառնակիչ ընկերներին ու դուրս եկավ տարբեր պաշտոնյաների դեմ ու վերջում արդեն` հենց Փաշինյանի դեմ: Իսկ երբեմնի խորհդատուներն էլ նրան ու խեղճ Ասլանյային թողեցին բախտի քմահաճույքին ու մեր հերոսին հետ չպահեցին ամենաթունոտ սոցցանցային զրուցարաններում վարչապետի դեմ շատ անձնավորված հարձակումներից: Դե արի Աննա Վարդապետյան ու մի մտիր խորհրդարան` Աղազարյանի գլուխը պահանջելու։
Սերժ Սարգսյան
Մինչ քոչարյանականները հարձարկվել էին Սերժ Սարգսյանի վրա և փորձում էին ապացուցել, որ հենց նա է իշխանության բերել Փաշինյանին, կարծես հենց այդ թեզը հերքելու համար իշխանությունները մի նոր մեղադրանք առաջադրեցին երրորդ նախագահին ու նրա վաղեմի զինակից Տարոն Մարգարյանին։ Ոմանք Սերժ Սարգսյանի նոր մեղադրանքն ու նրա փեսայի դեմ ակտիվացած քրեական մեդիաարշավները կապեցին Գյումրու ընտրություններում ամենալեզվանի թեկնածու Ռուբեն Մխիթարյանի ակտիվացման հետ: Ոմանք էլ այս ամենը բացատրեցին Ադրբեջանի հետ խաղաղության ու գերիների թեմաներից հանրության ուշադրությունը շեղելու ցանկությամբ։ Այս ամենի մեջ անհասկանալի մնաց վերջը Տարոն Մարգարյանի հետևից գլխավոր դատախազը որոշեց գնալ, որպեսզի քողարկի միայն Աղազարյանին վերցնելու իշխանության մտադրությունը, թե որպեսզի նոր մեղադրանքների այս տեղատարափում մենակ չթողնի Սերժ Սարգսյանին։
Սարիկ Մինասյան
Եթե իշխանական թեկնածուն ոչինչ էլ չանի, ապա միևնույնն է կմնա ամենաքննարկվածը Գյումրու քաղաքապետացուների շարքում, քանի որ այս ընտրություններում գրեթե բոլորն աշխատում են մեկի դեմ։ Այս շաբաթ հատկապես քննարկվեց Սարիկ Մինասյանի քաղաքական անցյալը: Ոմանք տարածեցին մի փաստաթուղթ, որ վկայում էր, որ նա մինչև ՔՊ-ի Սարիկը լինելը, եղել էր ոչ միայն «ԼուսավորՀայաստան»-ինը, այլև «Հանրապետական»-ինը։ Սարիկ Մինասյանն էլ շատ արագ հերքեց այդ կեղծ լուրերը և իրեն զրպարտելու համար սպառնաց դատական գործընթացներով: Ասես թե որևէ արատավոր բան կա տարբեր կուսակցություններ փոխելու մեջ, մանավանդ, երբ օրինակ, իր հիմնական մրցակից և ամենահավատացյալ կոմունիստ Վարդան Ղուկասյանը անթաքույց եղել է հանրապետականի նվիրյալ, իսկ հետո էլ Նիկոլի հետ հավեսով մերժել Սերժին։
Ռուբեն Վարդանյան
Սափրված ու նիհարած նրա նոր կադրերը դարձյալ հեղեղեցին համացանցը: Հետո կաթողիկոսը Վարդանյանին հորդորեց դադարեցնել հացադուլը, իսկ Վարդանյանի ընտանիքը` Մանե Թանդիլյանին: Երկուսն էլ դադարեցրեցին, իսկ Ռուբեն Վարդանյանն դա համեմեց մի հայաստանի իշխանությունների դեմ մի հայտարարությամբ, որին ի պատասխան արդեն քաղաքական կսմիթներ ստացավ։ Ոմանք չնայեցին նրա գերու կարգավիճակին և մեղմ ասած տարակուսեցին, թե ինչպե՞ս է Ալիևի ռեժիմը հենց Վարդանյանին թույլ տալիս ձայնային ու այլ հայտարարություններ լցնել հայկական քաղաքական դաշտ։ Վերջում էլ տարածվեց Ադրբեջանի հետ խաղաղության մասին լուրը, և Ռուբեն Վարդանյանի թեման գնաց երկրորդ պլան։
Նիկոլ Փաշինյան
Այս շաբաթ նա առաջին քննարկվածը դարձավ Գյումրու ընտրաարշավի իր հայտնի ելույթից հետո։ Նա առաջինն էր նաև, որ թուրք լրագրողների հետ Հայաստանում ասուլիս անցկացրեց։ Նա, իհարկե, դարձավ այս թոփ5-ի առաջինը` Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտի մասին երկու երկների պաշտոնական հայտարարությունից հետո։ Մինչ Մակրոնն ու տարբեր երկրներ ոգևորությամբ արձագանքեցին այդ խաղաղությանը, ոմանք սկսեցին տարածել, որ այդ խաղաղությամբ Զանգեզուրի միջանցքն է տրվելու, ոմանք չհավատացին,որ այն ի վերջո կկնքվի, ոմանք էլ հայտարարեցին, որ այդ համաձայնագրում եղած վտանգավոր կետերից բացի Հայաստանը համաձայնվել է ադրբեջանական շատ ավելի սարսափելի պահանջների: Որոնք էին Հայաստանի համար վատ կետերը կամ որտեղ են չգրված այդ ավելի վատ կետերը, խուճապի մունետիկները այդպես էլ չասացին։ Մի խոսքով, վերջնականացած խաղաղության համաձայնագրի շուրջ չվերջացող վախերի ու հիացական բացականչությունների տարափը Նիկոլ
Փաշինյանին այս շաբաթ դարձյալ դարձրեց ամենաքննարկված մարդը Հայաստանում։