«Հրապարակ» թերթը գրում է.
«Ի տարբերություն Գյումրու, Փարաքարի ընտրողները խուսափում են դիրքորոշում հայտնել։ Մեր տեղեկություններով՝ օրերս մասնակից ուժերից մեկի կողմից պատվիրված հարցումները ուշագրավ եւ խիստ հակասական արդյունքներ են գրանցել։
Հարցվածների 60.7%-ը խուսափել է պատասխանել կամ գաղտնի է պահել իր դիրքորոշումը, ինչը կարող է պայմանավորված լինել ընտրական ճնշումներով եւ վախերով:
Մանավանդ՝ եթե հիշենք, որ Փարաքարը համարյա Հայաստանի Սիցիլիան է դարձել, եւ վերջերս կրիմինալ պատմությունների պակաս այստեղ չի զգացվում:Իհարկե, հնարավոր է, որ քիչ չեն նաեւ դեռեւս չկողմնորոշված ընտրողները։ Իսկ ովքեր պատասխանել են` առաջատարը Վոլոդյա Գրիգորյանն է («Միասնություն» դաշինք)՝ 22%, հաջորդում են Լյուդվիգ Գյուլնազարյանը («Քաղաքացիական պայմանագիր»)՝ 9.6%, Գոռ Սարիբեկյանը («Կայունություն»)՝ 5.5%, եւ Դավիթ Մինասյանը («Ազգային առաջընթաց»)՝ 2.2%։ Ընդ որում՝ Փարաքար եւ Թաիրով բնակավայրերում առաջատար են Գյուլնազարյանն ու Սարիբեկյանը, մինչդեռ մյուս 7 բնակավայրերում Գրիգորյանն ունի զգալի առավելություն։
«Ո՞ր ուժին ոչ մի պարագայում ձայն չեք տա» հարցին 12%-ը նշել է ՔՊ-ի անունը։ Սա վկայում է, որ, ի տարբերություն Գյումրու, Փարաքարում ՔՊ-ի «հակառեյտինգը» ցածր է, ուստի նախընտրական քարոզարշավը կարող է վճռական լինել Փարաքարում որեւէ թեկնածուի հաղթանակի համար»:
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: