Կարևոր իրադարձություններ

«Ժողովուրդ». Պետբյուջեից 25.5 մլն դրամ կտրամադրվի 30 երիտասարդի այցի համար

15 Մարտ, 2025 08:00
«Ժողովուրդ». Պետբյուջեից 25.5 մլն դրամ կտրամադրվի 30 երիտասարդի այցի համար

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հայկական սփյուռքի հետ կապերը խզած իշխանությունները 25,5 մլն դրամ են հատկացրել 2 շաբաթով սփյուռքի երիտասարդ առաջնորդներին Հայաստան բերելու համար։

«Ժողովուրդ» օրաթերթը պետական գնումների կայքից տեղեկանում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը 25 մլն 597 հազար 065 ՀՀ դրամ արժողությամբ պայմանագիր է կնքել «ԳԵՎՈՐԳԻԱՆ ԿՈՆՑԵՌՆ» ՍՊԸ-ի հետ և ձեռք է բերել միջոցառումների կազմակերպմանն առնչվող ծառայություններ։ Համաձայն պայմանագրի՝ Միջոցառումը պետք է կազմակերպվի 2025 թ. սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 5-ը, որին կմասնակցեն տարբեր երկրներից ժամանած 20-35 տարեկան սփյուռքահայ առավելագույնը 30 (երեսուն) երիտասարդ:

Նրանց համար պետությունը առնվազն 3 աստղանի հյուրանոց պետք է 12 օրով ամրագրի Երևանում և Լոռու մարզում, որը Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից առավելագույնը 2 կմ հեռավորության վրա պետք է լինի։ Ըստ գնումների փաստաթղթի` հյուրանոցը պետք է վերանորոգված լինի առնվազն վերջին հինգ տարվա ընթացքում, ունենա առնվազն 30 սենյակ՝ հագեցած հարմարավետ կահավորանքով, առանձնացված լոգասենյակով (լոգախցիկով և սանհանգույցով), ապահովված լինի մշտական տաք և սառը ջրով:
Նկատենք, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մեկ գնման պայմանագիրն ավելի մանրամասն է կազմում ու հրապարակում, քան, օրինակ, թե ինչ կետեր կան Խաղաղության պայամանագրում։

Բայց այս պայմանագրում չի երեւում՝ ինչպես են ընտրվելու Սփյուռքի առաջնորդները, ինչ սկզբունքով են հրավիրվելու, ինչպես է հավասարությունը պահպանվելու»:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին