«Հրապարակ» թերթը գրում է.
«ԱԺ-ում 5 ժամից ավելի տեւած քննարկմանը ՀՀ արտգործնախարարն այդպես էլ հստակ չպատասխանեց՝ խաղաղության «համաձայնեցված» պայմանագիրն արդյո՞ք երաշխավորում է, որ ադրբեջանական զորքերը դուրս կգան ՀՀ սուվերեն տարածքից:
Հիշեցնենք, որ արդեն քանի տարի է՝ Ադրբեջանն օկուպացրել է ՀՀ սուվերեն տարածքից մոտ 200 ք/կմ տարածք:
Հարց հնչեց նաեւ, թե արդյո՞ք տարածաշրջանում եւ մասնավորապես Հայաստանում տիրելու է խաղաղություն, երբ փաստաթուղթը կնքվի, կամ՝ արդյո՞ք առանց ածանցյալ պահանջների ընդունման ստորագրվելու է խաղաղության թուղթը․ խոսքը 350 հազար ադրբեջանցիների Հայաստան բերելու, «Զանգեզուրի միջանցք» կոչվածը տալու, Սահմանադրություն փոխելու, «ռազմական հանցագործներին» Ադրբեջանին հանձնելու պահանջների մասին է։ Ավելին՝ ԱԳ նախարարը լրագրողների հետ ճեպազրույցում գրեթե ասաց․
«Ցավոք, կան նման պահանջներ, դա լավ չէ, եւ պետք է այնպես անենք, որ այդ նախապայմաններն առաջ չքաշվեն»։
Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանն Ալիեւի հետ փորձում է փրկել իր վարկանիշը՝ հանրությանը հավատացնելով, թե խաղաղության պայմանագրի բանակցություններն ավարտվել են, եւ իր խոստացած խաղաղության դարաշրջանը շուտով բացվելու է, մինչդեռ իրականում այդ հայտարարությունները դեռ ոչինչ չեն նշանակում։
Ի դեպ, ողջ քննարկման ընթացքում Միրզոյանն այդպես էլ չասաց, թե ինչ փոխզիջումների է գնացել ադրբեջանական կողմը: Փոխարենը տանում էր այն գիծը, որ եթե չհամաձայնեին ադրբեջանական պահանջներին, պատերազմ էր լինելու։
Ի դեպ, ՔՊ-ում երեկ համար մեկ դրություն էր հայտարարվել Միրզոյանի այցի առիթով, արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կառավարության ծրագրի անցած տարվա գործունեության քննարկմանը եկել էր նաեւ ՔՊ-ական կռվող բրիգադը, որոնք հանձնաժողովի անդամ չէին, բայց մինչեւ վերջ մնացին, որ եթե խոսակցությունն ընդդիմությունը թեժացնի, «մարտի» նետվեն։
Ներկա էին Սիսակ Գաբրիելյանը, Ռուստամ Բաքոյանը, Արմեն Խաչատրյանը, Նարեկ Ղահրամանյանը, միայն Վահագն Ալեքսանյանը չկար»:
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: