Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և սկանդինավյան երկրները ոչ պաշտոնական բանակցություններ են վարում ՆԱՏՕ-ի ֆինանսավորման և մայրցամաքի պաշտպանության հիմնական պատասխանատվությունը ստանձնելու վերաբերյալ, գրում է Financial Times-ը։
Պարբերականը պարզաբանում է, որ առաջարկը կներառի Եվրոպայում պաշտպանական ծախսերն ավելացնելու և ռազմական հնարավորություններն ընդլայնելու հաստատուն պարտավորություններ՝ փորձելով համոզել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին` համաձայնելու լիազորությունների աստիճանական փոխանցմանը: Ենթադրվում է, որ ծրագիրը նախատեսված է 5-10 տարվա համար։
Financial Times-ը նշում է, որ բանակցություններով փորձ է արվում խուսափելու քաոսից, որը կարող է առաջացնել ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալը ՆԱՏՕ-ից։
Ավելի վաղ NBC News հեռուստաալիքը, հղում անելով իրազեկ աղբյուրներին, հայտնել էր, որ Թրամփի վարչակազմը քննարկում է Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնից հրաժարվելու հնարավորությունը, որը բացառապես ամերիկյան է եղել գրեթե 75 տարի: