Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին իրանական Khabar-e Online-ին տված հարցազրույցում ասել է, որ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ), որը հայտնի է նաև որպես միջուկային գործարք, չի կարող վերագործարկվել ներկայիս տեսքով։
Նրա խոսքով՝ Իրանը չի կարող վերադառնալ համաձայնագրի պայմաններին, քանի որ երկիրն այդ պայմանագրի կնքումից ի վեր միջուկային ոլորտում զգալի առաջընթաց է գրանցել: Այս մասին գրում է iranintl.com-ը:
«ԳՀՀԾ-ն իր ներկայիս տեսքով և ձևով մեզ համար կենսունակ չէ։ Մեր վիճակը էապես փոխվել է, և մենք չենք կարող վերադառնալ նախկին պայմաններին»,- ասել է պաշտոնյան։
Միջուկային համաձայնագիրը, որը ստորագրվել է 2015 թվականին Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Չինաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Իրանի կողմից, նախատեսում էր Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների վերացում՝ նրա միջուկային ծրագրի սահմանափակումների դիմաց։
Սակայն 2018 թվականի մայիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ իր երկիրը դուրս է գալիս այս համաձայնագրից և վերականգնում է Իրանի դեմ պատժամիջոցները։ Ի պատասխան՝ Թեհրանը աստիճանաբար նվազեցրել է իր պարտավորությունները ԳՀՀԾ-ի շրջանակում՝ հրաժարվելով միջուկային հետազոտությունների և ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից։