Կարևոր իրադարձություններ

«Հրապարակ». Բուլկի Արամը հետախուզման մեջ եկամուտ է ստանում

21 Փետրվար, 2025 09:37
«Հրապարակ». Բուլկի Արամը հետախուզման մեջ եկամուտ է ստանում

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նախկին պատգամավոր, նախարար Արամ Հարությունյանը (Բուլկի Արամ) դեռ Տիգրան Մեծի 4 հասցեի շենքի սեփականատերն է։ 2003-2007 թթ․ նա կարողացել է մասնավորեցնել Հանրապետության հրապարակին հարող այս պետական շենքը, եւ նրան պատկանող «Հանարդ» ընկերությունը Պետգույքի կառավարման վարչությանը, ֆիննախին վարձով տարածքներ էր տրամադրում, որի դիմաց պետբյուջեից մեծ գումարներ էին վճարում։

Հետո Արամ Հարությունյանին մեղադրանք առաջադրվեց առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու եւ փողերի լվացման համար, նա թաքնվեց իրավապահներից՝ մինչ օրս հետախուզվում է:

Թվում է, թե նախեւառաջ հենց այդ շենքը պետք է վերադարձվեր պետությանը, սակայն պարզվում է՝ դրա ճակատագիրը դեռ անորոշ է։ Եթե մասնավորեցման որոշումն անօրինական ճանաչվի, ապա մի քանի տասնյակ գործարարներ, որոնք այս տարածքում բիզնեսներ ունեն, կտուժեն։

Պետգույքի կառավարման կոմիտեից մեզ պատասխանեցին․ «Դրա հետ կապված՝ Պետական գույքի կառավարման կոմիտեն ինչ-որ պաշտոնական տեղեկություն հաղորդել չի կարող, այդ տարածքներից ոչ մեկը պետական գույք չի համարվում, հետեւապես՝ տնօրինումը մեզ հանձնված չէ»։

Հետախուզման մեջ գտնվող Ա. Հարությունյանի փաստաբան Կարեն Հակոբյանն էլ ասաց՝ շենքը կալանքի տակ է, քրեական գործի քննությունը շարունակվում է․ «Քրեական գործը քննվում է, դրանից կախված՝ կորոշվի»։ Շենքում վարձակալներ կան, նրանց պայմանագրերը կնքված են «Հանարդ նախագծի» տնօրինության հետ, վարձավճարների եկամուտն էլ, բնականաբար, հետախուզման մեջ գտնվող Բուլկի Արամին է փոխանցվում, որը միայն շենքն օտարելու իրավունք չունի»:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին