Կարևոր իրադարձություններ

Կարդինալ Ռավազին չի բացառել, որ Հռոմի պապը կարող է հրաժարվել գահից

21 Փետրվար, 2025 15:27
Կարդինալ Ռավազին չի բացառել, որ Հռոմի պապը կարող է հրաժարվել գահից

Կարդինալ Ջանֆրանկո Ռավազին չի բացառել, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կարող է հրաժարվել գահից, ինչպես իր նախորդ Բենեդիկտոս XVI-ը, եթե առողջական պատճառներով չկարողանա կատարել պարտականությունները։

 Նա այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է Corriere della Sera թերթին տված հարցազրույցում:

«Եթե Ֆրանցիսկոս պապը դժվարանա կատարել պապական պարտականությունները, նա կկատարի իր ընտրությունը: Կարծում եմ՝ նա կարող է որոշել հրաժարական տալ: Դա ինքն է որոշելու, վերջին խոսքը նրանն է»,- ասել է կարդինալը:

88-ամյա Ֆրանցիսկոս պապը երկկողմանի թոքաբորբով հիվանդանոցում է փետրվարի 14-ից։ Ինքը՝ պոնտիֆիկոսը, բազմիցս ասել է, որ Բենեդիկտոս XVI-ը, որը 2013 թվականին դարձել է վերջին 600 տարվա ընթացքում ինքնակամ պապական գահից հրաժարված առաջին Հռոմի պապը, «ճանապարհ է բացել իրավահաջորդների համար»։ 

Նա նաև մանրամասնել էր, որ գահից հրաժարվելու նամակ է ստորագրել, որն ուժի մեջ կմտնի, եթե Պապը կորցնի գործունակությունը։ Նա ասել է, որ նամակը տվել է Վատիկանի նախկին պետքարտուղար Տարչիզիո Բերտոնեին, և չգիտի, թե որտեղ է այն հիմա:

Իտալիայի եպիսկոպոսների կոնֆերանսի ղեկավար կարդինալ Մատեո Ցուպին հուսադրող խոսքեր է ասել Ֆրանցիսկոս պապի առողջության մասին. «Մենք բոլորս մտահոգված ենք, բայց այն, որ նա վեր է կենում, թերթեր է կարդում և այցելուներ է ընդունում (չորեքշաբթի նրան այցելել է Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին), ցույց է տալիս, որ նա ապաքինվում է»։

 

Լրահոս

Դիտել ավելին