Փետրվարի 21-ին Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում Ծառայության պետ Ծովինար Թադևոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ։
Հանդիպումը կազմակերպվել էր 2024 թվականի հոկտեմբերին պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների կողմից ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում երկօրյա մշտադիտարկումների արդյունքում արձանագրված խնդիրները քննարկելու նպատակով։
Քննարկմանը մասնակցել են Ծառայության պետի առաջին տեղակալ Սահակ Գրիգորյանը, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ Վահան Նասոյանը, կենտրոնական մարմնի այլ ներկայացուցիչներ, ՄԻՊ աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը և վարչության աշխատակիցները։
Հանդիպման ընթացքում մանրամասն անդրադարձ է եղել վերհանված յուրաքանչյուր խնդրի։ Ծառայության կողմից ներկայացվել են արդեն իսկ լուծումներ ստացած որոշ խնդիրներ, իսկ մի մասի լուծման ուղիները տեղում քննարկվել են ՄԻՊ ներկայացուցիչների հետ։ Ընդգծվել է նաև հիմնարկի շենքային պայմաններից բխող մի շարք խնդիրների լուծման անհնարինությունը։
Քննարկումը եղել է հագեցած և բովանդակալից, կողմերը հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ նման ձևաչափով հանդիպումները շարունակելու համար, քանի որ դրանք առավել արդյունավետ են արձանագրված խնդիրներին արագ արձագանքելու և համատեղ լուծումներ գտնելու տեսանկյունից։ Ծովինար Թադևոսյանը նշել է, որ Ծառայության կողմից Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ցանկացած դիտարկում շատ կարևոր է, և հավաստիացրել, որ Ծառայությունը միշտ բաց է առաջարկությունների և կարծիքների համար։