«Ուկրաինայի եվրոպացի գործընկերները միասնական և հստակ դիրքորոշում ունեն Ռուսաստանի կողմից սանձազերծված պատերազմի վերաբերյալ: Մենք Ուկրաինայի կողքին ենք և ապագայում կաջակցենք Կիևին ու կստանձնենք Եվրոպայում խաղաղության և անվտանգության ապահովման ամբողջ պատասխանատվությունը»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ԵՄ-ի, ինչպես նաև Կանադայի, Իսլանդիայի և Նորվեգիայի գործընկերների հետ արտակարգ հանդիպումից հետո։
Նա նշել է, որ Ֆրանսիան իր գործընկերների հետ կիսում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումը Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ։ Խաղաղության համար իրենց ջանքերում եվրոպացի գործընկերները կշարունակեն հավատարիմ մնալ հետևյալ սկզբունքներին.
Ուկրաինան միշտ պետք է ներառվի բանակցություններում, և հարգվեն նրա իրավունքները, խաղաղությունը պետք է լինի տևական և ուղեկցվի հուսալի երաշխիքներով, պետք է հաշվի առնվեն անվտանգության եվրոպական մտահոգությունները:
«Մենք համոզված ենք, որ Եվրոպայի և մեր երկրներից յուրաքանչյուրի համար պետք է ավելացնել պաշտպանության ու անվտանգության ծախսերը, զարգացնել կարողությունները: Որոշումը կկայացվի առաջիկա օրերին և շաբաթներին»,- հայտարարել Է Մակրոնը։
Ֆրանսիայի նախագահը հանդիպումը նախաձեռնել է, երբ Ռուսաստանի և Ուկրաինայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելոգը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Եվրոպային չի տեսնում ռուս-ուկրաինական պատերազմին վերջ տալու համար բանակցությունների սեղանի շուրջ։