Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ կարող է երկրում արտակարգ դրության ռեժիմ հայտարարել՝ պայմանավորված Ուկրաինային ֆինանսական աջակցություն ցուցաբերելու շարունակության անհրաժեշտությամբ:
Նրա խոսքով՝ արտակարգ դրության ռեժիմի սահմանումը, երկրի Սահմանադրության համաձայն, թույլ է տալիս թուլացնել պարտքային արգելակը, որով արգելվում է բյուջեից ավելի շատ միջոցներ ծախսել, քան մուտքերն են:
«Եվրոպայի կենտրոնում ընթացող պատերազմը արտակարգ իրավիճակ է, իհարկե»,- ասել է կանցլերը Մյունխենի անվտանգության համաժողովում ունեցած ելույթի ժամանակ:
Նա վստահություն է հայտնել, որ այդ որոշմանը կաջակցի Բունդեսթագի մեծամասնությունը ընտրություններից հետո:
Ավելի վաղ Գերմանիայի կանցլերը հայտարարել էր, որ Ուկրաինայի հարցով ԱՄՆ նախագահի վարչակազմի գործողությունները վտանգում են Գերմանիայի և Եվրոպայի անվտանգությունը, և դրան պետք է պատասխան տալ: