Կարևոր իրադարձություններ

«Ժողովուրդ». ԵՄ-ն անտեսում է Հայաստանին. քվեարկությունից հետո՝ ձայն բարբառո հանապատի

14 Փետրվար, 2025 09:11
«Ժողովուրդ». ԵՄ-ն անտեսում է Հայաստանին. քվեարկությունից հետո՝ ձայն բարբառո հանապատի

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Մինչ ԱԺ ՔՊ խմբակցությունը ԱԺ ամբիոնից մեծ-մեծ խոստումներ էր տալիս, թե Հայաստանը համապատասխան օրենքի ընդունումից հետո գնալու է Եվրոպական միություն, այդ կառույցն իրականում անտեսում է Հայաստանին:

Փետրվարի 12-ին Հայաստանի խորհրդարանը ՔՊ ոչ ամբողջական՝ 63 կողմ, 7 դեմ ձայներով մեծ շուքով ընդունեց «Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի» մեկնարկի մասին օրինագիծը, որն ԱԺ էր բերվել արտախորհրդարանական ուժերի կողմից: Ու թեեւ ՔՊ-ականները սա ներկայացնում են իբրեւ հույսի օղակ, հանրությանը հրամցնում են, թե ուր որ է Եվրոպայի դռները, առանց վիզայի, բացվելու են մեր առջեւ, իրականությունն այն է, որ սա ընդամենը համաձայնություն է գործընթացի մեկնարկի մասին. ոչինչ ավելին:

Իսկ Հայաստանի՝ ԵՄ անդամակցության տեսլականը դեռ մշուշոտ է, եթե ոչ՝ անիրատեսական:

«Ժողովուրդ» օրաթերթը արձանագրեց, որ թեեւ նախագծի ընդունումից արդեն 2 օր է անցել, բայց ԵՄ-ից՝ ձայն բարբառո հանապատի:
Ո՛չ Եվրահանձնաժողովը, ո՛չ Եվրապառլամենտը ինստիտուցիոնալ արձագանք չտվեցին մինչեւ երեկ՝ իրենց աշխատանքային օրվա ավարտը:

Ասել է թե՝ Եվրամիության բաղձալի օրենքի ընդունումից 48 ժամ անց որեւէ կառույց չի ողջունել, չի շնորհավորել եւ ոչ էլ որեւէ կերպ ինստիտուցիոնալ արձագանք է տվել Հայաստանի Հանրապետության՝ Եվրոպա գնալու մտադրությունների նախագծին:

Ստացվում է, որ սա փաշինյանական հերթական բլեֆն է՝ ընտրություններից առաջ մեր հանրության եվրոպամետ զանգվածի համար, կամ էլ պարզապես պոպուլիստական հերթական քայլը, որը չեն ողջունում նաեւ այդ «մեծ ընտանիքի» անդամները»:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին