ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը փետրվարի 15-ին մասնակցել է «Գիտուժ» նախաձեռնության կազմակերպած «Գիտություն և տեխնոլոգիա. դիմակայելով Հայաստանի մարտահրավերներին» խորագրով համաժողովին:
Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:
Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ ԱԺ նախագահի տեղակալը կարևորել է նման ձևաչափով քննարկումները, որոնց ընթացքում գիտական և տեխնոլոգիական համայնքների ներկայացուցիչներին հնարավորություն է ընձեռվում բարձրաձայնելու խնդիրների մասին:
«Այսօր աշխարհում տեղի ունեցող արագ փոփոխությունների համատեքստում տարբեր երկրներում ի հայտ են գալիս նոր մարտահրավերներ, ռազմավարական նոր առաջնահերթություններ: Բնականաբար, Հայաստանում նման մարտահրավերներին դիմակայելու համար համապատասխան ոլորտային, դինամիկ աշխատանքներ են իրականացվում»,- ասել է Հակոբ Արշակյանը «Գիտություն և տեխնոլոգիա. ռազմավարական նպատակներ» թեմայով պանելային քննարկման ընթացքում:
Որպես ՀՀ վարչապետին կից Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի գործադիր մարմնի ղեկավար՝ ԱԺ փոխնախագահը ներկայացրել է խորհրդի կատարած աշխատանքները: Նա տեղեկացրել է, որ ձևավորվել է 8 աշխատանքային խումբ, որոնցում ներգրավվել են շուրջ 70 ոլորտային մասնագետներ, գիտության ոլորտի ձեռներեցներ, հեղինակավոր անձինք Հայաստանից և սփյուռքից. նպատակն է նպաստել Հայաստանում գիտատեխնոլոգիական ոլորտի զարգացմանը:
Հակոբ Արշակյանը մանրամասներ է ներկայացրել կրթության, գիտության և արդյունաբերության ոլորտների բաղադրիչներ պարունակող 5 ճյուղերի (արհեստական բանականություն և մեքենայական ուսուցում, միկրոէլեկտրոնիկա, ընդլայնված ռոբոտաշինություն և ավիատիեզերական, քվանտային տեխնոլոգիաներ, կենսատեխնոլոգիա և կյանքի գիտություններ) զարգացմանն ուղղված ծրագրերը:
Նա շեշտել է, որ կրթության, գիտության և արդյունաբերության ուղղությունների ներդաշնակ զարգացումը կարող է բերել թռիչքային զարգացման, որը կարևոր դերակատարում ունի պետության մրցունակության, անվտանգության և կենսամակարդակի բարձրացման գործում:
Հակոբ Արշակյանը նշել է, որ վերջին հինգ տարիներին գիտությանն ուղղված ֆինանսավորումը երեք անգամ ավելացել է. «Մեր բոլորի նպատակն է համատեղ ջանքերով աջակցել Հայաստանում գիտության զարգացման կայացմանը»,- ասել է ԱԺ նախագահի տեղակալը՝ շեշտելով կրթության, գիտության, արդյունաբերության փոխկապակցված զարգացման անհրաժեշտությունը:
Բարձր տեխնոլոգիաների ոլորտում պետական ֆինանսավորման միջոցները վերջին հինգ տարում ավելացվել են շուրջ 5 անգամ:
Մեր խնդիրն է օգնել Կառավարությանը հնարավորինս արդյունավետ բաշխել միջոցները` նպաստելով ոլորտի կայուն զարգացմանը:
Հակոբ Արշակյանը պատասխանել է գիտական համայնքի ներկայացուցիչների հարցերին:
Անդրադարձ է կատարվել արդյունաբերական նորարարությանը, ռազմարդյունաբերության զարգացմանն ուղղված քայլերին, ակադեմիական գիտական հետազոտություններին և պետություն-մասնավոր համագործակցությանը:
Ոլորտային օրենսդրական նախաձեռնությունների մշակման գործընթացում կարևորվել է գործադիրի, օրենսդիրի և գիտական համայնքի համագործակցությունը: