«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթը փետրվարի 5-ի համարում գրել էր, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ինքն իրեն 12 հոգու հետ գործուղել է Լյուքսեմբուրգ, ապա Բելգիա եւ իր հետ տարել է ընդամենը 2 պատգամավորի. պատվիրակության մյուս անդամները ԱԺ նախագահի գրասենյակի ներկայացուցիչներն էին:
Այս հրապարակման մեջ ԱԺ նախագահի թիմակիցներին խոցել էր հատկապես «արդուկի գծով խորհրդական Աշխեն Հայրապետյան» ձեւակերպումը, որի առնչությամբ ստիպված եղանք առանձին հարցում ուղարկել:
Այս պարզ հարցադրումներին, որոնք ենթադրում էին հստակ պատասխաններ եւ պարզաբանումներ, ՀՀ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը պատասխանել է. «Աշխեն Հայրապետյանը կատարում է ԱԺ նախագահի հանձնարարությունները եւ իր հաստիքին համապատասխան գործառույթները»:
Մնացած հարցերը բարեխղճության էտալոն Ալեն Սիմոնյանը իր խոսնակի միջոցով համարել է «Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքով չնախատեսված հարցում»: Թեեւ լավ կլիներ՝ իրավաբան ԱԺ նախագահը իմանար, որ իր նախկին օգնականին (ամենայն հավանականությամբ բարձր աշխատավարձ ստանալու համար) խորհրդական դարձնելուց բացի՝ պարտավոր է պատասխանել, թե ինչ գործառույթներ է իրականացնում անգամ հայեցողական այդ պաշտոնյան բացի կենցաղային հարցերից:
Իհարկե, դժվար է պատկերացնել, թե Աշխեն Հայրապետյանը ինչ խորհուրդներ է տալիս Ալեն Սիմոնյանին, բայց այս անպատասխան հարցաշարը շատ հարցերի պատասխան էր արդեն:»
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: