Ավստրիայի Զալբախ քաղաքում ընթացող լեռնադահուկային սպորտի մեծահասակների Աշխարհի առաջնության ոլորավայրէջք մրցաձևի որակավորման փուլում Հայասատանի ներկայացուցիչ Գլեբ Մոսեսովը զբաղեցրել է 6-րդ տեղն ու դուրս եկել եզրափակիչ։
57 երկրի 138 մարզիկների շարքում ՀՀ հավաքականի առաջատարը զբաղեցնելով 6-րդ հորիզոնականը՝ միացել է աշխարհի լավագույն 50-յակին և փետրվարի 16-ին կմրցի եզրափակիչ փուլում։
Գլեբ Մոսեսովը մեր առաջին մարզիկն է, ով երբևէ կարողացել է հաղթահարել Աշխարհի առաջնության որակավորման փուլերը։ Երեկ նա հսկա ոլորավայրէջք մրցաձևի եզրափակիչ փուլում 61 երկրի 100 լավագույն մարզիկների շարքում գրավել էր 47-րդ հորիզոնականը:
Հավելենք նաև, որ ՀՀ լեռնադահուկային սպորտի հավաքականի անդամ Հարություն Հարությունյանը զբաղեցրել է 53-րդ հորիզոնականը: